Monday, January 16, 2012

Իսրայելը շանտաժի է ենթարկում Հայաստանին. «Մակոր Ռիշոն»

Tert.am. 16-1-2012- «Իսրայելական «Մակոր ռիշոն» պարբերականի տվյալներով Իսրայելի ԱԳՆ-ն իբր փորձել է շանտաժի ենթարկել Հայաստանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր պատրաստակամությունը պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի պետությունը չճանաչելու հետ կապելով։ «Մակոր ռիշոնի» տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում այդ հարցը քննարկվել է երեք անգամ՝ միջպետական հանդիպումների շրջանակում»,- «Իսրայելը շանտաժի է ենթարկում Հայաստանին. Մակոր Ռիշոն» վերտառությամբ հոդվածում գրում է Izrus.co.il կայքի հոդվածագիր Իգոր Գանտմանը։ Հոդվածագիրը նշում է, որ առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին՝ Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցների՝ Երևան կատարած այցի ժամանակ (Izrus.co.il կայքի տվյալներով, սակայն, 2011 թ. ընթացքում Իսրայելի ԱԳՆ-ի միայն մեկ բարձրաստիճան աշխատակից է (Եվրոպայի և Եվրասիայի վարչության պետ Պինխաս Ավիվին) Երևան այցելել, այն էլ` օգոստոսին)։ «Ինչպես նշում է «Մակոր ռիշոնը», հայերն այդ ժամանակ անպատասխան են թողել իսրայելցի դիվանագետի հետևյալ առաջարկը. Իսրայելը Հայոց ցեղասպանությունը կճանաչի, եթե Հայաստանը հրաժարվի ճանաչել Պաղեստինի պետությունը։ Հրատարակությունը, վկայակոչելով ինչ–որ դիվանագիտական աղբյուրներ, հաղորդում է, որ Երևանը գրեթե պատրաստ էր ընդունել այդ նախաձեռնությունը, սակայն, ի վերջո, դա չի արել, քանի որ այն (նախաձեռնությունը) հնչել էր խիստ շանտաժի ձևով»,–ասված է հոդվածում։ Գանտմանը շարունակելով գրում է, որ այդ թեման երկրորդ անգամ շոշափվել է Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այլոնի և նրա հայաստանցի գործընկերոջ՝ Արման Կիրակոսյանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ (Պաղեստինի պետության ճանաչման հարցի քննարկմանը նվիրված ՄԱԿ–ի ԳԱ 66-րդ նստաշրջանի ընթացքում)։ «Պարբերականի տվյալներով՝ Այլոնը Կիրակոսյանին խնդրել է ձեռնպահ մնալ Պաղեստինի վարչակազմի առաջնորդի համապատասխան հայտը պաշտպանելուց»,–գրում է կայքը։ «Եվ վերջապես երրորդ անգամ պաշտոնական Երուսաղեմը փորձել է մերձավորարևելյան հակամարտության հարցում Երևանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապել հոկտեմբերի վերջին՝ Պաղեստինի Ինքնավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկելու առնչությամբ (որպես լիիրավ անդամ) քվեարկության նախօրեին։ «Մակոր Ռիշոնի» տվյալներով՝ այդ նպատակով Հայաստանի մայրաքաղաք է այցելել Իսրայելի ԱԳՆ–ի բարձրաստիճան մի աշխատակից։ Հրատարակության տվյալներով՝ նա կրկին փորձել է շանտաժի ենթարկել իր զրուցակիցներին, ինչը, սակայն, ապարդյուն է անցեցել (կայքը հիշեցնում է, որ Պաղեստինի Ինքնավարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկելու առնչությամբ քվեարկության ժամանակ Հայաստանը, ինչպես որ նախկին խորհրդային մյուս երկրները, պաղեստինցիների պաշտպանությամբ են հանդես եկել)։ Իսրայելական պարբերականն այնուհետ գրում է, թե իբր Երուսաղեմի առաջարկած «գործարքից» հայկական կողմի հրաժարվելու պատճառներից մեկը Սիրիայում և Լիբանանում հայկական համայնքների ճակատագրի մասին մտահոգությունն է, քանի որ, ըստ պարբերականի, հայերն այդ երկրներում «մշտական սպառնալիքի տակ են ապրում»։

No comments: