Monday, January 16, 2012

Զարուհի Փոստանջյան. Եթե թույլ տանք, կառավարությունը կշարունակի խախտել օրենքը

NEWS।am-ի թղթակիցը հունվարի 15-ին, Թեղուտում կայացած բնապահպանական ակցիայի ժամանակ մի քանի հարց է ուղղել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին: -Տիկին Փոստանջյան, բնապահպան ակտիվիստները ցանկանում էին անցնել Թեղուտ, եւ բացի աշխատանքներին ծանոթանալուց, տեսնել նաեւ Թեղուտում գտնվող պատմամշակութային օբյեկտները, ինչը նրանց թույլ չտվեցին: Ինչպե՞ս եք դա գնահատում: -Բացարձակ անօրինականություն կարող եմ ես սա մեկնաբանել, քանի որ նույն այս ցանկապատը թե ի՞նչ հիմքերով է դրված, մենք այդպես էլ չկարողացանք պարզել իրենցից: Ես կարող եմ ասել, որ ՀՀ կառավարության որոշումն ուղղակի կայացվել է օրենքների խախտմամբ եւ դա արձանագրվել է ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, որ կառավարությունն իրապես խախտել է Օրհուսի կոնվենցիան, ու մենք ՀՀ կառավարութունից ակնկալում ենք շտկել այդ խախտումները, իսկ եթե ոչ, ապա մենք մեր իրավունքի իրացման ուժով կշտկենք այդ բոլոր խախտումները: Թույլտվությունը խախտումով է ձեռք բերված, իսկ շարունակությունը մեզնից է կախված, եթե թույլ տանք, իհարկե, կշարունակեն խախտել օրենքը: -Ո՞րն է լինելու Ձեր հետագա քայլը Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված եւ պատրաստվո՞ւմ է, արդյոք, «Ժառանգություն» խմբակցությունը հարցը բարձրացնել Ազգային ժողովում. -Հարցը մենք ի սկզբանե բարձրացրել ենք, ավելին ասեմ, դեռ տարիներ առաջ մենք հանդիպեցինք վարչապետի հետ ու քննարկեցինք այս հարցը: Հանդիպման արձանագրության մեջ նշված է, որ պետք է անկախ փորձաքննություն անցկացվեր, բայց մինչ օրս ոչինչ չի արվել: Քաջարանի ժամանակ եւս պահանջեցինք հասարակական լսումներ իրականացնել: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպան ակտիվիստները հունվարի 15-ին մեկնել են Թեղուտ, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել Թեղուտի հանքի տարածք, իսկ տեղի բնակիչներից ոմանք հայտարարել են, թե Թեղուտում հանքի շահագործումն իրենց ապրուստի միջոցն է եւ բողոքել են բնապահպանների գործողություններից:

No comments: