Monday, January 16, 2012

Հայաստանի նորահայտ «նավթը»

«Լրագիր» 16-1-2012- Հայաստանի թե կենցաղում, թե նույնիսկ հասարակական-քաղաքական շրջանառության մեջ կարելի է հաճախ ականատես լինել ափսոսանքի, որ Հայաստանը չունի նավթ ու գազ, ինչի շնորհիվ երկիրը կարող էր հարուստ լինել: Այդ ափսոսանքը հատկապես մեծ է լինում Ադրբեջանում նավթի ու գազի առկայության պայմաններում, ինչն այդ երկրին հնարավորություն է տալիս Հայաստանի բյուջեից մի քանի անգամ մեծ բյուջե ունենալ: Իրականում սակայն, նավթն ու գազը թերեւս չարիք էին դառնալու Հայաստանի համար: Միգուցե շատերը դա համարեն տարօրինակ մտայնություն, բայց ես համոզված եմ, որ չարիք էին դառնալու: Բավական է ընդամենը տեսնել, թե ինչպես են օրինակ օգտագործվում Հայաստանում ներկայում առկա բնական պաշարները, ասենք մոլիբդենը, պղինձը, նույնիսկ քարն ու ավազը: Դրանք արդյունահանվում են անխնա, ավիրելով բնությունը, շահագործելով աշխատուժը, իսկ գերշահույթներն էլ ուղղելով միխումբ սեփականատերերի գրպանը, ոչ թե պետական բյուջե: Նայելով այդ անխնա, ագահ հանքարդյունաբերությանը, կարելի է պատկերացնել, թե ինչ ագահությամբ էին խժռվելու նավթն ու գազը: Կասկած չկա, որ շատ կարճ ժամանակամիջոցում արաբական շեյխերը ուղղակի նախանձելու էին հայաստանյան օլիգարխ-իշխանավորներին: Միգուցե շեյխերից ոմանք կարող է հիմա էլ նախանձում են նրանցից շատերին, այն դեպքում, երբ նրանց արածն ընդամենը ներմուծումն է, իսկ արդյունահանածն էլ ընդամենը ոսկի, պղինձ, մոլիբդեն, քար ու ավազ, մեկ էլ ցեմենտ: Չնայած հիմա նաեւ երկաթին են ուզում ձեռնամուխ լինել: Բայց, այդ ամենը նավթի հետ շատ դժվար կլիներ համեմատել, նաեւ գազի հետ: Իհարկե, միգուցե թուրքմենբաշու մեծահոգությամբ գազը ժողովրդի համար ձրի լիներ, գոնե նախընտրական եռամսյակներում: Բայց, ինչպես թուրքմենների համար էր ձրի գազը «թակարդում», այդպես էլ կասկած չկա, որ հայաստանցիների համար էլ ձրի գազն էր թակարդում լինելու: Տարբերությունն այն կլիներ, որ Հայաստանում կլինեին մի քանի թուրքմենբաշիներ՝ ասենք ղարաբաղբաշի, ապարանբաշի, արարատբաշի, շիրակբաշի, կոտայքբաշի, կամ էլ բաշին կավելանար մեր իշխանա-օլիգարխների մականունների վրա: Լավ է, որ Հայաստանում նավթ ու գազ չկա: Պարզապես անթույլատրելի է նավթի ու գազի պաշարների առկայությունը մի երկրում, որտեղ իշխանությունը անխնա կերպով սերտաճած է բիզնեսին եւ չի ենթարկվում Սահմանադրությանը: Այդպիսի երկրներում, բնական հարուստ պաշարներն ընդամենը հանդիսանում են հասարակության շահագործման եւ տիրապետության լծակ: Աղետ է բնական այդպիսի պաշարների առկայությունը մի երկրում, որտեղ «վերնախավի» մոտ պետություն հասկացության ընկալումը կամ գիտակցորեն, կամ ենթագիտակցորեն գտնվում են միջնադարյան մակարդակի վրա, որտեղ պետությունը անձնական կալվածք է, որտեղ չկան մտածելու, արտահայտվելու եւ գործելու ազատություն եւ իրավունք ունեցող քաղաքացիներ, այլ կան ընդամենը հնազանդ ծառաներ կամ անհնազանդ ապստամբներ: Նավթն ու գազն այդպիսի երկրում խեղդելու էին պետության ապագան, ինչպես օրինակ Ադրբեջանում են խեղդում, ինչպես օրինակ Հայաստանում եղած բնական պաշարներն են այսօր դժբախտաբար խեղդում Հայաստանի ապագան: Այսպես գոնե, միջնադարում մնացած «վերնախավը» ստիպված է կամաց-կամաց, դանդաղ, դժկամությամբ, դիմադրելով, բայց ընդունել նոր ժամանակի գոյությունը, ճանաչել այդ ժամանակի գերակայությունը, չունենալով դրան դիմակայելու ռեսուրս՝ աստիճանաբար զիջել ժամանակին: Նավթի ու գազի բացակայությունը Հայաստանի շանսն է, պետություն դառնալու շանսն է: Այլ հարց է, որ շանսը արդեն քսան տարի է չի օգտագործվում հավուր պատշաճի, այլ հարց է, որ Հայաստանի շանսը տնօրինող «վերնախավերի» համար սեփական շանսն է առաջնահերթություն: Բայց շանսը շարունակում է մնալ, լինել, եւ այն օգտագործելու հնարավորություններն անշուշտ մեծանում են, որովհետեւ Հայաստանում նավթի փոխարեն մարդ է հայտնաբերվում՝ մտածող, պայքարող, ժամանակին համարժեք, պետություն հասկացության արդիական պահանջները բավարարող մարդ, որը քիչ է, սակայն ի տարբերություն նավթի ու գազի՝ ժամանակի ընթացքում ոչ թե սպառվող, այլ ժամանակի ուժով ընդլայնվող ռեսուրս է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: