Monday, January 16, 2012

Բաքվից ռուս փախստական. «Երբ մենք փախչում էինք օդանավակայան, ոտքերիս տակ բարձրահարկից մի աղջկա նետեցին»

Panorama.am. 16-1-2012- 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերի զոհ դարձավ մոտ 400 հայ, իսկ հազարավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացան: Սակայն կոտորածների զոհ են դարձել ոչ միայն հայերը, այլև այլ ազգերի ներկայացուցիչներ: Մասնավորաբար 1998թ. հունիսին «Ռուսսկի դոմ» հրատարակության 6-րդ համարում տպագրվել է Վյաչեսլավ Մորոզովի «Ռուսաստանի սպիտակ գիրքը» հոդվածը` Ադրբեջանում 1990թ. ռուսների սպանությունների, ինչպես նաև նրանց կրած ծաղրուծանակի, բռնությունների մասին: Հեղինակը մեջբերել է Բաքվի ռուս փախստական Ն.Տարժիմանովայի հիշողությունները. «Այնտեղ աներևակայելի բաներ էին կատարվում: Հունվարի 13-ին սկսվեցին ջարդերը, իմ երեխան, կառչելով ինձանից, ասում էր. «Մայրիկ, մեզ հիմա կսպանեն»: Իսկ այն բանից հետո, երբ զորքը մտավ քաղաք, դպրոցի տնօրենը, որտեղ ես աշխատում էի, ադրբեջանուհի, մտավորական մի կին, ինձ ասաց. «Ոչինչ, զորքերը կհեռանան, և այստեղ ամեն ծառից մեկական ռուս է կախված լինելու»: Փախանք` թողնելով բնակարանները, ունեցվածքը, կահույքը… Բայց չէ որ ես ծնվել եմ Ադրբեջանում, և ոչ միայն ես. այնտեղ է ծնվել նաև իմ տատիկը»: Ապա հեղինակը պատմում է նաև Բաքվից մեկ այլ փախստական կնոջ հետ իր հանդիպման մասին: «Մենք Բաքվում էինք ապրում,-հիշում է կինը,-կոտրեցին դուռը, ամուսնուս գլխին հարվածեցին, ինձ ծեծեցին: Ապա ինձ կապեցին մահճակալին ու սկսեցին դաժանորեն բռնաբարել Օլգային, ով ընդամենը 12 տարեկան էր: Վեց հոգով: Դեռ լավ էր, որ չորսամյա Մարինկային խոհանոցում էին փակել, չտեսավ այդ ամենը: Հետո տանն ամեն ինչ ջարդուփշուր արեցին և կարգադրեցին մինչև երեկո հեռանալ: Երբ մենք փախչում էինք օդանավակայան, ոտքերիս առջև մի աղջնակ ընկավ` շենքի բարձր հարկերից էին նետել: Նրա արյունը ցայտեց իմ շորերի վրա»: Հետո հասարակական գործիչ Գալինա Լիտվինովան, ում մոտ հեղինակը հանդիպել էր այս կնոջը, Մորոզովին խոստովանել է, որ նման պատմությւոններ շատ է լսել. «Կան ավելի դաժան պատմություններ: Հասկացությունից, մտածողությունից դուրս»:

No comments: