Monday, January 16, 2012

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ կդառնա ԹՈՒՐՔ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ հանրակացարան

Asekose.am. 16-1-2012- Թբիլիսիի հայերի միությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է անում վերջնական կորստից փրկել հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը: Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Թումանյանի տունը դեռևս 1930-ականներին գրողի ժառանգները անհատույց նվիրել էին քաղաքին՝ այնտեղ հիմնելով հայ մեծ դասականի անունը կրող գրադարան: 1990-ականներին Թբիլիսիի քաղաքապետարանը մի գործարք կնքեց վրացի բիզնեսմեններից մեկի հետ, համաձայն որի բենզինի մատակարարման դիմաց այդ գործարարին էր հանձնվում Թումանյանի գրադարանի տարածքը, որը կազմում էր գրողի տան մի մասը: Մի քանի տարի տևած դատական քաշքշուկն այդպես էլ որևէ արդյունք չտվեց, տարածքն այժմ հանձնված է վրացի օլիգարխին և այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ այժմ պատմական շինության միակ գնորդի դերում հանդես է գալիս «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը, որը պատրաստվում է ձեռք բերել ողջ բնակարանը: Նպատակն է Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի: Ընկյերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայումս բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել: Թբիլիսիի հայերի միությունը ահազանգում է, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող ևս մի հուշարձան:

No comments: