Monday, January 16, 2012

Դ. Ջամալյան. Մեր խաղաղության նվաճողը եղել և լինելու է մեր բանակը

Panorama.am- 16-1-2012- «2011 թվականը նշանավորվեց հակառակորդի հետ շփման գծում իրադրությունն ապակայունացնելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությամբ: Զուգահեռաբար մենք ականատեսը եղանք, որ ագրեսորին զսպելու միջազգային իրավապայմանագրային մեխանիզմները չգործեցին. հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցները ի զորու չեղան կանխել ադրբեջանական սադրանքները: Տարածաշրջանում կայունության ապահովման ողջ ծանրությունն ընկավ հայկական կողմերի վրա»,- մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ նախատեսված հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցում Ադրբեջանի ցուցաբերած դիրքորոշումը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում քննարկվել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի միջազգային հետաքննության անցկացման նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցապնդումը: Վերջինիս դեմ է արտահայտվել միայն ադրբեջանական պատվիրակությունը` իբրև պատրվակ բերելով կողմերի միջև այդպիսի հետաքննությունների մեխանիզմների մանրամասների վերաբերյալ վերջնական համաձայնության բացակայությունը: «Ինչ խոսք, գովելի է, որ ԵԱՀԿ-ն իր գործունեության առաջնահերթությունների թվին է դասում նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի միջազգային հետաքննությունների անցկացումը: Հուսադրող է, որ հրադադարը պահպանելու, դիպուկահարներին շփման գծից հեռացնելու վերաբերյալ հակամարտ կողմերին ուղղված անուժ կոչերի և հորդորների մակարդակից փորձ է արվում անցում կատարել գործնական հարթություն: Հայկական կողմերին նման միջազգային հետաքննությունների անցկացումը ձեռնտու է այն պարզ պատճառով, որ մենք շփման գծում իրադրությունն ապակայունացնելու որևէ դրդապատճառ չունենք, հետևաբար այդ առումով չունենք նաև որևէ մտավախության հիմք: Իսկ ահա ադրբեջանական կողմի պարագայում ականատեսն ենք լինում ճիշտ հակառակ պատկերի, երբ ինչ-ինչ քարոզչական, դիվանագիտական նկատառումներով պաշտոնական Բաքուն ձգտում է անընդմեջ լարված պահել իրավիճակը շփման գծում: Հետևաբար միանգամայն հասկանալի է նաև պաշտոնական Բաքվի ժխտողականությունը միջազգային հետաքննության անցկացման գաղափարի հանդեպ»,- ասաց Դ. Ջամալյանը: Ըստ փորձագետի՝ մի բանում սակայն կարելի է համաձայնել ադրբեջանական կողմի հետ. խոսքն այդ հետաքննությունների հստակ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին է: «Պարզապես մեր և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների միջև սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, որ մենք իսկապես շահագրգռված ենք այդ մեխանիզմների ստեղծմամբ, մինչդեռ պաշտոնական Բաքուն այդ մեխանիզմների բացակայությունը օգտագործում է իբրև պատրվակ հետաքննության գաղափարը վիժեցնելու, այն անկենսունակ վիճակում պահպանելու համար: Մեզ համար առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը բնավ շահագրգռված չէ հետաքննությունների անցկացմամբ: Չէ որ այդ դեպքում պաշտոնական Բաքուն չի կարողանա մեզ մեղադրել, օրինակ, մանկասպանության մեջ` բեմադրելով սեփական եղեռնագործ էությունն ակամա բացահայտող սադիստական սցենարներով քարոզչական շուոներ: Հետևաբար առաջիկայում ադրբեջանական կողմն ամեն կերպ կփորձի խոչնդոտել թե՛ այդ հետաքննությունների մեխանիզմների մշակմանը, թե՛ դրանց կենսագործմանը»,- համուզմունք հայտնեց Դ. Ջամալյանը: Նրա կարծիքով, նման պայմաններում, միջազգային կառույցներից պահանջվելու է առավելագույն վճռականություն և հետևողականություն` այդ կարևոր նախաձեռնությունը կենսագործելու նպատակով: «Հիշեցնենք, որ անցյալ տարի ԵԱՀԿ գործունեության մեջ բացակայում էին ոչ միայն այդպիսի հետքննությունների անցկացման հստակ մեխանիզմներն, այլև առաջին հերթին դրանք իրականացնելու վճռականությունը, իրերն իրենց անունով կոչելու, միջադեպերին օբյեկտիվ գնահատական տալու քաղաքական կամքը: Հուսանք, որ այս տարի այդպես չիլինի: Կարևոր համարելով հանդերձ հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կենսագործելու միջազգային իրավապայմանագրային մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը մեզ համար առավել քան ակնհայտ է. մեր խաղաղության նվաճողը եղել և լինելու է մեր բանակը` որը խաղաղություն պարտադրող իրական գործոններից է տարածաշրջանում»,- հավելեց ռազմական փորձագետը:

No comments: