Monday, January 16, 2012

Դ. Բաբայան. Ադրբեջանը մշտապես փորձելու է շփման գծում սադրանքներ հրահրել

Panorama.am.16-1-20122- «Կարծում եմ՝ Ադրբեջանը շարունակելու իր այդ գործելաոճը, ավելին՝ կան բոլոր միտումները պնդելու, որ նա առավել կոպտորեն է սկսելու խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանով իսկ խուսափելով կոնկրետ փաստաթղթի ստորագրումից»- մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ նախատեսված հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցում Ադրբեջանի ցուցաբերած դիրքորոշումը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ բանախոսի՝ դա իր հերթին մի շարք հանգաանքներից է բխում, առաջին հերթին ներքաղաքական իրադրությունից: «Ադրբեջանում ևս ընտրական պրոցեսները մոտենում են, իսկ այդ իրադրությունում, Ադրբեջանի իշխող վարչակարգը ԼՂ հարցում կառուցողական քայլերի չի գնա: Բանն այն է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորման ապագայի վերաբերյալ լուրջ խնդիրներ են առաջացել: Մի կողմից նրանք բավականին մեծ քանակի զենք-զինամթերք են գնել, ռազմական բյուջեն գնալով աճում է, երկրորդ, նման պայմաններում նույնիսկ չեն կարողանում խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, որովհետև դա հղի է անկախատեսելի հետևանքներով»,- ասաց Դ. Բսբայանը: Նրա խոսքերով, նախևառաջ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանվում է, երկրորդ` միջազգային հանրությունն է դեմ նման զարգացումների: «Իրերի նման դասավորության դեպքում այդ երկրի ներսում հարց է առաջանում. ինչպես բացատրել ժողովրդին, որ այսքան ժամանակ ամեն ինչ ժողովրդից կտրել են ռազմական բյուջեն ավեալցնելու ու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, սակայն խնդիրը մնում է չլուծված, իսկ ժողովրդի դժգոհությունը մեծանում է: Այս արագայում Ադրբեջանական իշխանությունները հետևյալ մարտավարությունն են ընտրել: Հասկանալով, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումն անհնար է, Ադրբեջանը մշտապես փորձելու է շփման գծում սադրանքներ հրահրել: Իսկ ահա, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության հնարավորությունը մեծ խնդիրների կհանգեցնի նրանց համար: Այս տեսանկյունից նրանց մերժումը սպասելի էր»,- հավելեց Դ. Բաբայանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 թ. փետրվարի 6-ի պայմանավորվածությունների, որոնք ստորագրել են հակամարտության երեք կողմերը (ԼՂՀ, Ադրբեջան և Հայաստան) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: ԳՆԱՆ գրասենյակի բյուջեի ավելացման գաղափարը լայն աջակցություն է գտել ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում: Հատկանշական է, որ կտրականապես դեմ է հանդես եկել միայն Ադրբեջանի պատվիրակությունը, իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ չի կարող հավանություն տալ գրասենյակին հավելյալ միջոցների տրամադրմանը, քանի դեռ ձեռք չի բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասերի շուրջ վերջնական պայմանավորվածություն: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հայտարարել է, թե շփման գծում դեպքերի քննության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել անցած տարվա մարտին, Սոչիի հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարություն եղել էր, աջակցություն էր ստացել միջազգային հանրության կողմից, սակայն մինչ օրս այն չի իրականացվում: Է. Նալբանդյանը մեղադրել է ադրբեջանական կողմին, քանի որ նա հայտարարում է, թե նման առաջարկ չի եղել:

No comments: