Sunday, January 15, 2012

Ֆրանսիայի Սենատի նախագահն ասել է, որ ինքն այժմ ավելի քիչ է հակված Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը

Tert.am., 14-1-2012- Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան Պիեր Բելը հայտարարել է, որ ինքը չի ողջունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բելը նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Ժամանակի ընթացքում ես ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ ճիշտ չէ պատմական փաստերի առնչությմաբ օրենքներ ընդունել խորհրդարանում»,–թուրքական Todayszaman.com կայքի հաղորդմամբ՝ ասել է Բելը։ Սենատի նախագահն ասել է նաև, որ ինքը մտահոգված է հայ–թուրքական հարաբերությունների ճակատագրով՝ ընդգծելով, որ այդ օրենքի ընդունումը բացասաբար է ազդելու այդ հարաբերությունների վրա։ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Հունվարի 23–ին օրենքը քննարկվելու է Սենատում։ Ավելի վաղ, Ֆրանսիայի Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական ժողովի (RDSE) սենատորները (16 տեղ ունեն Սենատում) հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, նշել էին, որ դեմ են քվեարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին։ «Մենք հարգում ենք տառապանքներ տեսած ազգերի հիշատակը, սակայն կարծում ենք, որ խորհրդակարանները պատմական դեպքերի առնչությամբ չպետք է օրենք ընդունեն»,–ասված էր նրանց հայտարարությունում։ Կանաչների խմբի (10 տեղ) սենատորները ևս հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու բանաձևին։ Իս ահա Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող (130 տեղ) սենատորների մեծ մասը, ինչպես նաև «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության սենատորները (132 տեղ) հայտարարել են, որ կողմ են քվեարկելու օրինագծին։

No comments: