Monday, January 16, 2012

Ջոնի Մելիքյան. Վրաստանում օբյեկտների կառուցումը Իրանի դեմ պատերազմով պայմանավորելը միամտություն է

«Լրագիր» 16-1-2012- Վրաստանի ըննդիմադիր «Ժողովրդական ժողովի» ներկայացուցիչ, ակադեմիկոս Էլիզբար Ջավելիձեն վրացական «Կվիրիս քրոնիկա» թերթին տված հարցազրույցում պնդում է, որ ԱՄՆ-ն Վրաստանի տարածքում ֆինանսավորում է օբյեկտների շինարարությունը Իրանի դեմ զինված հակամարտության նախօրեին, եւ հենց այդ պատճառով է երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին մեկնում շրջաններ եւ նոր հիվանդանոցներ բացում: «Այդ հիվանդանողները ամերիկյան նախագծեր են: Պարսից ծոցում ԱՄՆ եւ Իրանի միջեւ մեծ պատերազմ է սկսվում, եւ 5 մլրդ դոլար է հատկացվել այդ 20 ռազմական հիվանդանոցների կառուցման համար: Հիմնականում դրանք կառուցվում են ամերիկյան փողերով: Այդ պատճառով արագացված տեմպերով օդանավակայններ են կառուցվում, այդ պատճառով են սկսել խոսել Քուլեվիում սուզանավերի համար նավահանգստի կառուցման եւ ընդհանրապես Լազիքիի կառուցման մասին: Այս ամենը կապված է ամերիկյան ռազմական բազաների տեղակայման հետ: Լազիքան ամերիկյան զինվորական ավան է դառնալու, իսկ Մարնեուլիում կառուցվել է գաղտնի օդանավակայան: Եվ եթե Իրանի դեմ ռազմական հակամարտության դեպքում Թեհրանը հրթիռներ ուղարկի ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ, ո՞վ է պաշտպանելու մեր երկիրը», հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչը հունվարի 9-ին հրապարակված հոդվածում: Քաղաքական վերլուծաբան Ջոնի Մելիքյանը կարծում է, որ վրացական հասարակական-քաղաքական գործչի տվյալ հայտարարությունը պետք է նայել Վրաստանի ներքաղաքական գործընթացների հունի մեջ՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Նրա խոսքով, գործի են դրվում բոլոր միջոցները իշխանության, այլ ընդդիմադիր ուժերի գործողությունները սեւացնելու եւ սեփական քաղաքական շարժման վարկանիշը բարձրացնելու համար: «Շարժման հեղինակության բարձրացումը եւ ընտրազանգվածի թվի մեծացումը հատկապես ակտուալ է ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» համար, որը գլխավորում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն», նշել է վերլուծաբան Մելիքյանը՝ ավելացնելով, որ «կուսակցության ու նրա առաջնորդի վարկանիշը զգալիորեն նվազել է 2011 թ մայիսի 26-ի իրադարձություններից հետո, երբ Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքի անցկացման թույլտվության ժամկետի լրանալուց հետո Ռուսթավելիի պողոտայում ոստիկանությունը եւ հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ, ջրաշիթ, ռետինե գնդակներ եւ մահակներ կիրառելով, ցրել է «Ժողովրդական ժողովի» մանիֆեստացիան»: Ջոնի Մելիքյանը պնդում է, որ 2012 թ վրացական շրջաններում նախատեսվում է մոտ 50 հիվանդանոց կառուցել, որոնք, իշխանությունների հայտարարության համաձայն, կառուցվելու են ապահովագրական ընկերությունների գումարներով, ընդ որում, միայն 3-ն են կառուցվելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, եւ մեկը՝ Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ: Մելիքյանի խոսքով, Վրաստանում օբյեկտների կառուցումը Իրանի դեմ պատերազմով պայմանավորելը միամտություն է եւ հիմք չունի: Նա քիչ հավանական է համարում ԱՄՆ կողմից Իրանի ռազմական հարված հասցնելը առնվազն կարճաժամկետ հեռանկարում: Ռազմական փորձագետ Հարություն Հովհաննիսյանը պնդում է, ր Վրաստանը վաղուց է տարբեր օբյեկտներ կառուցում եւ դրանցից շատերը ամերիկյան փողերով են: Նա Իրանի դեմ պատերազմի համար հիվանդանոցների կառուցումը քիչ հավանական է համարում: Նրա խոսքով, Վրաստանի ռազմական օբյեկտների կառուցումը գաղտնիք չի համարվում, սակայն այլ հարց է, թե երբ եւ ինչպես են դրանք օգտագործվելու: Փորձագետը նշում է, որ եթե նույնիսկ Իրանի դեմ պատերազմ սկսվի, ապա հազիվ թե ցամաքային գործողություններ տեղի ունենան, իսկ ավիացիոն եւ ծովային հարվածների համար նման հիվնադանոցներ անհրաժեշտ չեն: Նա քիչ հավանական է համարում պատերազմի սկսումը նաեւ այն պատճառով, որ 2 պետություններում էլ ընտրություններ են սպասվում, իսկ Իրանը դեռ հեռու է միջուկային ռումբից: Արմինե Մարտիրոսյան

No comments: