Monday, January 16, 2012

Աննախադեպ շարժում Հայաստանի համար

«Լրագիր» 16-1-2012- Հունվարի 15-ին Հայաստանում տեղի է ունեցել նախադեպը չունեցող բնապահպանական ակցիա, հանուն Թեղուտի պահպանման: Ակցիան, որպես այդպիսին, բազմամարդ համարելը դժվար է՝ մի քանի հարյուր մարդ, բայց նկատի ունենալով, որ այդօրինակ ակցիա եւ այդ բազմությամբ, Հայաստանում վերջին տարիներին կարծես թե չի եղել, թերեւս կարող ենք համարել, որ տեղի է ունեցել իսկապես տպավորիչ մի իրադարձություն: Դրա համար այն պետք է դիտարկել Հայաստանում առկա իրավիճակի դինամիկայի մեջ: Ահա այդ տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ երկրում ծավալվում է բավական նկատելի եւ նշանակալից բնապահպանական մի շարժում, որն իր ազդեցիկությամբ կարող է նաեւ քաղաքական էֆեկտ ունենալ, նկատի ունենալով թե այն, որ երկիրը մտնում է նախընտրական շրջան, թե նաեւ այն, որ բնապահպանական շարժումը ներկայում այն խմբերի եւ կլանների դեմ է, որոնք համատեղում են բիզնեսն ու իշխանությունը, այդ մեխանիզմի շրջանակում էլ անխնա շահագործելով Հայաստանի բնությունը՝ հանքարդյունաբերության տեսքով: Այդպիսով, Հայաստանում ծավալվում է արժեհամակարգով՝ քաղաքացիական, բովանդակությամբ՝ բնապահպանական, իսկ հնարավոր էֆեկտով՝ քաղաքական մի շարժում, որի այդ կառուցվածքն էլ Հայաստանի համար թերեւս աննախադեպ է, եւ ունի ներդաշնակության բավական նկատելի պոտենցիալ: Իհարկե, միամիտ կլինի համարել, որ Հայաստանի ապագան, վերափոխման նպատակի իրագործման բանալին կլինի այդ շարժումը, առավել եւս, որ իր ծավալմանը եւ քաղաքական հնարավոր էֆեկտի առարկայացմանը զուգահեռ, այն թերեւս կատաղի մրցակցության է հանդիպելու ոչ միայն իշխանության, այլ թերեւս նաեւ ընդդիմության դաշտի շատ ուժերի մոտ: Այդ տեսանկյունից, բնապահպանները թերեւս պետք է պատրաստ լինեն դրան: Խոսքն ամենեւին քաղաքական մրցակցությանը պատրաստ լինելու մասին չէ, այլ հենց դրանից խուսափելուն պատրաստ լինելու մասին: Այսինքն, բավական իրատեսական է վտանգը, որ ժամանակի ընթացքում, երբ շարժումը կարողանա առավել զգալի թափ հավաքել, ինչի պոտենցիալը կա, թե իշխանության եւ թե ընդդիմության դաշտից փորձ կարվի շարժմանը հաղորդել քաղաքական բովանդակություն, այսինքն բնորոշել որպես քաղաքական: Ոչ մի դեպքում չմտնել քաղաքական քննարկումների մեջ, ոչ մի դեպքում չդառնալ քաղաքական մրցակցության սուբյեկտ: Այդ խնդիրը երեւի թե ոչ նկատելիորեն, բայց բավական զգալի կախված է բնապահպանական շարժման վրա: Դրան է, որ պետք է պատրաստ լինի շարժումը, որի մեջ են նաեւ քաղաքական տարբեր ուժերի համակիրներ եւ ներկայացուցիչներ: Նրանք մի կողմից շարժման ուժն են, մյուս կողմից “թուլությունը”՝ որ կարող է օգնել մրցակիցներին քաղաքականացնել շարժումը: Թերեւս ճիշտ կլինի այն, որ այդ մարդիկ խուսափեն շարժման առաջատարությունից, որքան էլ մեծ ու անկեղծ լինի բնության համար պայքարը առաջնորդելու նրանց ձգտումը, այլ մնան զուտ որպես մասնակից՝ ակտիվ, բայց շարքային մասնակից: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները թող առաջնորդ լինեն իրենց ուժերի քաղաքական ակցիաներում, նախընտրական գործունեության մեջ, իսկ բնապահպանական շարժմանը նրանք պետք են ընդամենը որպես ծառայող, առավելագույնը՝ որպես զինվոր: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: