Monday, January 16, 2012

Արտագաղթը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արգասիքն է. ազգագրագետ

Tert.am. 16-1-2012- Արտագաղթը Հայաստանի և հայերիս համար տնտեսական, իրավական և մշակութային ուղղվածության խնդիր լինելուց բացի , ունի նաև էթնիկ նշանակություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը: «Անգամ եթե Հայաստանը գտնվեր զարգացման մեկ այլ աստիճանում և ավելի գրավիչ լինելով պակաս զարգացած երկրների համար` ունենար ներգաղթ մենք նորից ծանր կտանեինք արտագաղթը , քանի ինքնապահպանման խնդիր ունեցող հայերիս համար այն էթնիկ հարթության նշանակություն ունի»: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքերով` արտագաղթը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության բնական արգասիքն է: «Այն ինչ որ եղավ Հայաստանի հետ վերջին քսան տարիների ընթացքում, դժվար է համարել կառուցողական: Ներկա պայմանները թույլ են տալիս մարդկանց միայն գոյատևել»,-ասաց Եգանյանը: Ըստ նրա` այսօր Հայաստանից հիմնականում արտագաղթում են ակտիվ աշխատանքային վերարտադրման տարիքի մարդիկ, որոնց մեծ մասը տղամարդիկ են: «Առևտրով զբաղվող մեր օլիգարխները շատ վատ վիճակում կհայտնվեն, երբ Հայաստանից հեռացածները այլևս գումար չուղարկեն: Այդ վատ վիճակը անմիջապես զգացվեց տնտեսական ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ»,-լրացրեց Աղասի Թադևոսյանը: Ռուբեն Եգայանը հավաստիացրեց, որ նույնիսկ Մերձավոր Արևելքում պատերազմական սցենարների դեպքում սփյուռքահայերի շատ քիչ մասը կներգաղթի Հայաստան, ինչպես դա եղավ Իրաքի օրինակով: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեյֆիլյանը, Tert.am-ին տեղեկացրեց որ Իրաքից Հայաստան ներգաղթած շուրջ 4000 հայերից ներկայումս Հայաստանում մնացել է 400-ը: Նրանց հիմնական մասն ըստ Ժիրայր Սեյֆիլյանի` Հայաստանից կրկին արտագաղթել է ԱՄՆ և եվրոպական երկրներ:

No comments: