Monday, January 16, 2012

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է F-16 կործանիչների գնումը

1in.am. 16-1-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է մամուլի կողմից շրջանառության մեջ դրված այն լուրին, թե Ադրբեջանը գնել է F-16 տիպի երկու կործանիչ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար բանակի ամրապնդման հարցում առաջնահերթ է համարվում միայն ժամանակակից զինատեսակների գնումը։ Դրա համար էլ մենք մշտապես անհրաժեշտ սպառազինության ու տեխնիկայի փնտրտուքի մեջ ենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից F-16 տիպի երկու կործանիչների գնման մասին վերջին օրերին շրջանառվող լուրերին, ապա դրանց պատճառով անգամ հարևան երկրների լրատվական գործակալությունները մեզ հարցում են արել այդ մասին։ Նրանք ցանկանում են հստակեցում մտցնել այդ հարցում։ Մենք ստիպված ենք կրկնել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ մեր բանակն ունենար այդպիսի կործանիչներ, սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մի շարք շահագրգիռ ուժեր կարող են չանհանգստանալ այդ կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրել էր, թե «Նասոսնայա» օդանավակայանում առկա են երկու F-16 կործանիչներ։

No comments: