Sunday, February 5, 2012

ԻԻՀ նավթի նախարար. Իրանական նավթի արտահանումը եվրոպական երկրներ կկասեցվի

Panorama.am. 4-2-2012- Իրանական նավթի արտահանումը եվրոպական երկրներ կկասեցվի: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին: Իրանցի պաշտոնյան «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» (ՕՊԵԿ) անդամ երկրներին կոչ է արել նավթի միջազգային շուկայում հարգել միմյանց իրավունքները: Ռոսթամ Ղասեմին նշել է, որ ԻԻՀ Մեջլիսի և կառավարության միջև իրանական նավթի` եվրոպական երկրներ արտահանման կասեցման մասին որևէ տարաձայնություն չկա: Նկատենք, որ օրերս ԻԻՀ Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սեյյեդ Էմադ Հոսեյնին տեղեկացրել էր, որ պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել, որի հաստատման պարագայում ԻԻՀ Մեջլիսը կառավարությանը կարգելի նավթ վաճառել Եվրոպային մինչև վերջինիս կողմից պատժամիջոցների կիրառումը: Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը: Իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):

No comments: