Sunday, February 5, 2012

Թուրք կուսակցապետը ամերիկացի գրողին խորհուրդ է տվել չլսել Էրդողանին եւ այցելել Թուրքիա

News.am. 4-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ամերիկացի հայտնի գրող Պոլ Օստերի միջեւ բանավեճին միացել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ հրավեր-նամակ ուղարկելով Պոլ Օստերին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նամակում նշել է, թե Էրդողանի պատասխանները չեն արտացոլում Թուրքիայի հասարակության մտածելակերպը։ «Ձեր վերաբերմունքը ցույց է տալիս, որ դուք ամեն տեղ համերաշխության մեջ եք մտավորականների եւ լրագրողների հետ։ Այս երկրում ազատությունների կողմնակիցների համար ձեր այցը մեծ կարեւորություն է ներկայացնում։ Ինձ համար մեծ երջանկություն է, որ ձեզ Թուրքիա եմ հրավիրում»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Նշենք, որ Պոլ Օստերն ավելի վաղ ասել էր, թե չի այցելի Թուրքիա, քանի որ այնտեղ ժողովրդավարության պակաս կա եւ բանտերում են գտնվում շատ լրագրողներ ու մտավորականներ, ինչին ի պատասխան Էրդողանը առհամարանքով ասել էր, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե Պոլ Օստերը կգա՞ Թուրքիա, թե՝ ոչ։ Ամերիկացի գրողը պատասխանել էր Էրդողանի այս խոսքերին՝ նշելով. «Էրդողանը Իսրայելի հասցեին ինչ ուզում է թող մտածի, միեւնույնն է՝ Իսրայելում խոսքի ազատություն կա եւ բանտերում լրագրող չկա, իսկ Թուրքիայում 100 լրագրող գտնվում է բանտում։ Ամեն երկիր էլ թերություն ունի, սակայն իրավիճակի լավացման համար պետք է կարողանալ խոսել առանց բանտում հայտնվելու վտանգի։ Դա սրբազան օրենք է»։

No comments: