Saturday, March 17, 2012

Միայն թե ռուսական արջը չբարկանար

«Լրագիր» 17-3-2012- Ազատ դեմոկրատներ կուսակցության համագումարում Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի ելույթն իսկապես հեղափոխական էր այդ բառի լավագույն իմաստով: Դա հայկական պետության հիվանդության ախտորոշումն էր՝ առաջին անգամ բաց տեքստով հայտարարվեց, որ Հայաստանի զարգացման խոչընդոտը Ռուսաստանի հետ չափազանց պարտավորեցնող հարաբերություններն են, ՀԱՊԿ-ին անդամակցությունը եւ ռուսական գաղութատիրությունը: Դա իսկապես նոր տրենդ է հայկական քաղաքականության մեջ, որի բոլոր սեգմենտները համենայնդեպս հրապարակային հայտարարում են, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի գոյատեւի՝ ոչ տնտեսապես, ոչ էլ անվտանգության իմաստով: Ընդ որում, շատերը չեն կարողանում փաստարկել դա, ընդամենը՝ չարժե բարկացնել ռուսական արջին, թե չէ կսկսի ավերել: Ընդ որում, խոսելով օլիգարխացման, մոնոպոլացման եւ այլ արատների մասին, բոլորը հրաշալի հասկանում են, որ մեր դժբախտությունների արմատը հենց Ռուսաստանից վասալական կախման մեջ է: Սակայն ոչ մի կուսակցություն չի համարձակվել իրերն անվանել իրենց անունով: Առաջինը Ժառանգություն կուսակցությունն էր, որի համագումարում հայտարարվեց, որ չարժեր երկարաձգել ռուսական բազաների տեղակայման ժամկետը Հայաստանում: Ժառանգությունը նաեւ հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նոր տրենդին Ժառանգության լուրջ հայտից հետո սպասվում էր նման հայտարարություն Ազատ դեմոկրատներ կուսակցության համագումարում, որի հետ Ժառանգությունը մտադիր է ընդհանուր ցուցակով մասնակցել ընտրություններին: Եւ նման հայտարարություն հնչեց: Ճիշտ է, այլ կուսակցության ղեկավարի շուրթերով: Դա շատ կարեւոր հայտարարություն էր, այդ թվում կուսակցության համար: Նոր քաղաքական ուժը, որ հավակնում է մասնակցել որոշումների կայացմանը, կարող է հնարավորություն ստանալ՝ առաջարկելով նոր տրենդ եւ համարձակ հայտարարելով ախտորոշումը: Նման հայտարարությունը կարեւոր է նաեւ հասարակության համար, որը հայտնվել է քաղաքական կոմֆորմիզմի հատակում, գտնելով, որ հանուն «անվտանգության» կարելի է զոհել ինքնիշխանությունը: Մաս-մաս հանձնելով անորոշ «անվտանգության» համար, մենք գրեթե կորցրել ենք ինքնիշխանությունը: Ներկայում կանգնած է ինքնիշխանության վերականգնման խնդիրը, եւ հասարակությունը պետք է հասկանա, որ ինքնիշխանությունն իրենից խլվել է անվտանգության «գրավով»: Նա պետք է հասկանա, որ իսկական ինքնիշխանությունն ինքնին անվտանգության երաշխիք է, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, նույնիսկ անվտանգության ոլորտում, պետք է կառուցվեն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով: Այդ տեսակետից, Հայաստանում նոր, շատ կարեւոր տրենդը պետք է հստակ ձեւակերպվի: Դեռ չծնված, այն կարող է հիվանդանալ ու մեռնել: Պետք է հասկանալ ու հայտարարել, որ ռուսական գաղութատիրությունից ազատագրումը ոչ թե Ռուսաստանից «ամուսնալուծվելու» եւ Արեւմուտքին «տրվելու» նախապատրաստություն է, այլ ինքնիշխանության վերականգնում: Վերականգնելով այն, մենք կարող ենք հարաբերություններ կառուցել եւ Ռուսաստանի, եւ Արեւմուտքի հետ փոխշահավետ պայմաններով եւ շահերի համընկնման դեպքում: Խոսքն այն մասին չէ, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ մտնել ՆԱՏՕ, ոչ էլ այն մասին, որ արեւմտյան արժեհամակարգը մեզ ավելի մոտ է, քան ռուսականը: Ինչ որ մեկի համար մոտ է, մյուսների համար՝ ոչ: Խոսքն այն մասին է, որ մենք կորցնում ենք ինքնիշխանությունը, որ այն ուզուրպացնում է Ռուսաստանը, եւ պետք է վերականգնել այն: Միայն այդ դեպքում քաղաքական ուժերը կարող են ստանալ հասարակական աջակցություն, կարեւոր առաջարկություն անելով քաղաքացիներին՝ վերականգնել ինքնիշխանությունը: Առաջին քայլը Ժառանգությունը եւ Ազատ դեմոկրատներն արդեն արել են, մնում է անել երկրորդ քայլը: Նաիրա Հայրումյան

No comments: