Saturday, March 17, 2012

ՄԻԺԻ-ի հայտարարությունը` ի պատասխան ոստիկանության հրավերի

Սույն թվականի մարտի 14-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում նաև մեր կազմակերպությանը՝ ՄԻԺԻ-ին, հրավիրել է մասնակցելու կլոր սեղան-քննարկման: Մենք միշտ ողջունել ենք որևէ տեսակի համագործակցություն որևէ անհատի, կառույցի կամ ինստիտուտի հետ, եթե այդ համագործակցության ու երկխոսության հիմքում են դրվում և հարգվում են ՀՀ Սահմանադրությունը, Մարդու հիմնարար ազատությունները, ազգերի ինքնորոշման իրավունքը: Մեր 13 տարվա ինքնիշխան և ինքնուրույն քաղաքացիական և իրավական գործունեության ընթացքում մենք բացառապես առաջնորդվել ենք այդ սկզբունքներով և նույն կերպ էլ շարունակելու ենք: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը, մարտի 14-ի ժամը 21.30-ի ծրագրված և կազմակերպված կերպով իրականացրած իր գործողությամբ, խախտել է ինքնորոշված քաղաքացիական ակտիվիստների սահմանադրական իրավունքները, որի համար պատասխանատուները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մենք հրապարակավ պահանաջել ենք ՀՀ պաշտոնական պատկան մարմիններից պատասխանատվության ենթարկել բռնարարքի հրաման տվողներին: Մինչև նրանք չենթարկվեն պատասխանատվության և ՀՀ Ոստիկանությունը չփաստի, որ ինքն առաջնորդվում է բացառապես ՀՀ Սահմանադրությունը և քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու սկզբունքով, այլ ոչ թե բռնի ուժ գործադրելու և կամայականության սկզբունքով, ՄԻԺԻ-ն չի կարող մասնակցել նմանօրինակ քննարկումների: ՀՀ Ոստիկանության մարտի 14-ի բռնարարքի հրաման տվողներին, կազմակերպիչներին և իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելն ու պատժելը միայն կարող է մեզ համոզել ու վստահություն ներշնչել, որ ոստիկանությունն իրապես կամք է դրսևորում, քայլեր է ձեռնարկում և պատրաստ է մեզ հետ միասին վերականգնել մեր քաղաքացիական և իրավական պետականությունը` հիմնված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա: Մենք վճռական ենք` կերտելու մեր քաղաքացիական և իրավական պետականությունը` հիմնված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա: «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ /ՄԻԺԻ» ոչ կառավարական կազմակերպություն

No comments: