Saturday, March 17, 2012

Քանի որ մենք ունենք Ղարաբաղի հարց, մենք պետք է հնարավորինս ավելի արագ դառնանք ժողովրդավարական. Օսկանյան

News.am. 17-3-2012-Լեռնային Ղարաբաղի հարցում, իշխանական որոշ շրջանակներում, ինչպես նաեւ հասարակության որոշ հատվածներում, բավական մտահոգիչ տրամադրություններ են ձեւավորվել: Այս մասին, այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ համագումարի իր ելույթում նշեց ԱԳ նախկին նախարար, նորելուկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: «Փոխանակ մեր ղարաբաղյան հաջողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեն մեր հույսի եւ հավատի աղբյուր, հետեւաբար մեր տնտեսության եւ երկրի զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները, պատերազմի սպառանալիքները դարձել են մեզ կաշկանդող, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ քաղաքական ազատությունների բնագավառում մեր անփորձությունը արդարացնելու եւ ժողովրդավարությունը կանխարգելելու գործոններ: Հաճախ են մարդիկ ինձ ասում, մենք ունենք Ղարաբաղի հարց, ունենք պատերազմի սպառնալիք, որպեսզի մենք հանդուրժենք լիակատար ազատություն, լիակատար ժողովրդավորություն: Մենք չենք կարող ունենալ լիակատար հանդուրժողականության շռայլությունը: Ես կասեի ճիշտ հակառակը, որովհետեւ մենք ունենք Ղարաբաղի հարց, մենք պետք է հնարավորինս ավելի արագ դառնանք ժողովրդավարական: Մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, եւ մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ ստեղծենք հակակշիռների մեխանիզմի վրա հիմնված պետական քաղաքական համակարգ, որովհետեւ մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք պետք է կարողանանք հնարավորինս ունենանք բաց, արդար, մրցունակ տնտեսություն, որովհետեւ մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք պետք է հնարավորինս արագ գործադրենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեքային համակարգը եւ անդամագրվենք հնարավորինս շատ եվրոպական կառույցների, որովհետեւ մենք ունենք Ղարաբաղի հարց, մենք պետք է լինենք ավելի միասնական, միավորենք մեր ջանքերը` ի նպաստ Հայաստանի բարգավաճմանը»,- հայտարարեց Օսկանյանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է, եւ միջազգային հանրությունը եթե ոչ ինքնորոշումը, ապա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչել է: «Եթե այս 20 տարիների ընթացքում մենք մի բան դարձրել ենք անշրջելի եւ միանշանակ, դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսօր մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք հաղթել դիվանագիտական ոլորտում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն ինքնորոշված փաստի ճանաչմանը, բայց դա անելու համար ես կարծում եմ, որ հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը լինեն ժողովրդավարական արժեքներով երկրներ, եւ իսկապես այդ արժեքներով իսկականորեն մտնեն Եվրոպական մեծ կառույց»,-ընդգծեց նա:

No comments: