Tert.am. 22-3-2012- Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Ստամբուլի գլխավոր դատախազություն պահանջով, որ Թուրքիայի Պետական Վերահսկիչ խորհրդի (DDK) հրապարակած զեկույցը հաշվի առնելով նոր հետաքննություն սկսի` գործի կասկածելի մանրամասները ճշտելու և նոր մեղադրյալների ներգրավելու համար:
Վերահսկիչ Պալատի 650 էջանոց զեկույցում նշվում էր, որ թուրքական ոստիկանության ու ժանդարմերիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներգրավվեն Հրանտ Դինքի գործով` 2007-ին նրա սպանությունից առաջ և հետո իրենց դրսևորած անփութության պատճառով:
«DKK-ի զեկույցը խնդրին անդրադառնում է բծախնդրությամբ և մինչև այսօր հրապարակված ամենաամբողջական զեկույցն է: Այն նոր բացահայտումների համար նոր փաստեր է առաջ քաշում», - ասված է Դինքի փաստաբանների դիմումի մեջ:
Զեկույցի ամենակարևոր բացահայտումներից մեկն այն է, որ Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործում հիմնական սխալներից մեկն եղել է այն, որ որևէ կառույցի դեմ փաստեր ձեռք բերելու նպատակով դիմել է հենց այդ կառույցներին:
«Օրինակ Տրապիզոնի ոստիկանության անձնակազմին ուղղված մեղադրանքների համար կատարված նախաքննության ընթացքում միայն այդ կառույցից ստացված փաստաթղթերն են հաշվի առնվել: Որևէ այլ ուսումնասիրություն չի կատարվել, ինչի արդյունքում իրականությունը բացահայտել հնարավոր չի եղել: Պետք էր Տրապիզոնի, Գիրեսունի և ոստիկանության գլխավոր վարչության արխիվներում ուսումնասիրություններ կատարվեին», - ասված է զեկույցում:
Փաստաբանները պնդել են, որ հենց այդ պատճառներով սպանության բացահայտումը և նոր կասկածյալների ներգրավումը խոչընդոտների հանդիպել:
Friday, March 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment