News.am. 23-3-2012- Ստամբուլում հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքօլուն համագործակցել է «Զորյան» ինստիտուտի հետ` եւս մեկ քար դնելու Հայոց ցեղասպանության մասին «գիտելիքների ընդհանուր բազայի» հիմքում: Զարաքօլուն, չնայած որ 2011թ. հոկտեմբերից բանտում է Քրդական համայնքների միության գործին իբր մասնակցության համար, չի դադարեցրել ջանքերը «1915թ. իրադարձությունների» եւ հաջորդող տարիների մասին պատմական ճշմարտությունը վեր հանելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «The Armenian Weekly»-ին, Զարաքօլուի «Belge Yayinlari» հրատարակչությունը լույս է ընծայել «Alman Belgeleri Ermeni Soykimi 1915-16: Alman Disisleri Bakanligi Siaysi Arsiv Belgeleri» գիրքը` «1915–1916 թթ. Հայոց ցեղասպանությունը. Փաստաղթղթեր Գերմանիայի ԱԳՆ քաղաքական արխիվներից» աշխատության թուրքերեն տարբերակը: Գիրքը 10-ամյա հետազոտությունների արդյունք է, որի խմբագրումն ու թարգմանությունն իրականացրել են Վոլֆգանգ եւ Սիգրիդ Գուստերը: Սա Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի դիվանագետների կողմից Բեռլին ուղարկված Հայոց ցեղասպանությունը նկարագրող 218 հեռագրերի, նամակների եւ հշվետվությունների ընդգրկուն ժողովածու է:
Նոր գիրքը «Ստեղծել գիտելիքների ընդհանուր բազա» երկարաժամկետ ծրագրի մասն է, որի նպատակը Թուրքիայում արգելված պատմության մասին արժանահավատ տեղեկություն ապահովելն է: «Զորյան» ինստիտուտը փորձել է օգնել` տրամադրելով գիտական հետազոտություններ, Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներ թուրքերեն եւ այլ լեզուներով: «Զորյան» ինստիտուտի պատվերով մյուս փաստագրական եւ վերլուծական հրապարակումները եղել են «Հետլերը եւ Հայոց ցեղասպանությունը» («Belge» հրատարակություն), «Դատավարություն Ստամբուլում» (Bilgi University Press) գործերը:
Ռագիփ Զարաքօլուն թուրքական պետության կողմից հետապնդվում է տարիներ շարունակ` Թուրքիայում ազատ խոսքի, ազգային փոքրամասնությունների իրավունքների հրապարակային պաշտպանության համար:
Friday, March 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment