Friday, March 23, 2012

Ինչու «նվազեց» Քըրքորյանի սերը

«Լրագիր» 22-3-2012- Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը սկսել է իր արտգործնախարարության տարիների հուշերի հրապարակումը, ներկայացնելով բավական հետաքրքրական եւ տպավորիչ մանրամասներ այդ տասնամյակի վերաբերյալ: Մասնավորապես, Վարդան Օսկանյանն օրերս անդրադարձել էր Քըրք Քըրքորյանի պատմությանը, թե ինչպես պատահեց, որ ամերիկահայ հռչակավոր այդ միլիարդատերը, ով անկախության հենց առաջին տարիներից զանազան բարեգործական հատկացումներով օգնում էր Հայաստանին, որոշեց Հայաստանին օժանդակել մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ մեծ ծրագրով: Այդ ծրագրի ընթացքում իրականացվեցին միջպետական ճանապարհների նորոգումներ, Սելիմի լեռնանցքի ճանապարհի կառուցումը, Սեւան-Դիլիջան թունելի կառուցումը, մի քանի հազար բնակարան կառուցվեց աղետի գոտում, նաեւ նորոգվեցին մի քանի տասնյակ մշակութային հաստատություններ Երեւանում ու մարզերում: Նորոգվեցին նաեւ Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ: Երկու տարվա ընթացքում, 2001-02-03 թվականներին, Հայաստանում իրականացվեց լուրջ տնտեսական ծրագիր, որը էական նշանակություն ուներ Հայաստանի տնտեսական զարգացման համար: Վարդան Օսկանյանն իր հուշերում նկարագրում է, թե ինչ զարմանալի արագ պատրաստակամությամբ արձագանքեց Քըրք Քըրքորյանն այդ մեծ ծրագիրն իրականացնելու առաջարկին, որ 1998 թվականին Հայաստանի իշխանությունը ներկայացրեց նրան: Ի դեպ, ուշագրավ է, որ նախնական տարբերակով խոսքը եղել է 100 միլիոն դոլարի ծրագրի մասին՝ ընդ որում Հայաստանի տարածքով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման մասով, որը մեր երկիրը կկապեր իրանական նավահանգիստների հետ: Ինչպես գրում է Վարդան Օսկանյանը, այդ գաղափարը հարկ եղավ մի կողմ թողնել, քանի որ ամերիկյան կառավարությունը բավական զգայուն էր Իրանի հետ այնպիսի հարաբերությունների հարցում, որոնք կարող էին նպաստել Իրանի տնտեսության զարգացմանը: Ի վերջո, որոշվել է, որ ճանապարհաշինական աշխատանքը կիրականացվի հանրապետության միջպետական ավտոճանապարհների մասով: Իսկ երբ 1998 թվականին Քըրքորյանն այցելել է Հայաստան, այցի ընթացքում որոշել է, որ կավելացնի եւս 100 միլիոն դոլար՝ այդպիսով ծրագիրը դարձնելով 200 միլիոն դոլար արժողության ծրագիր: Կարելի է պատկերացնել, թե 2000-ականների սկզբի ցուցանիշներով, ինչ ահռելի ծրագրի մասին է խոսքը: Ռուսաստանն ընդամենը 100 միլիոն դոլար պարտքի համար Հայաստանից կարեւոր ձեռնարկություններ պահանջեց, իսկ Հայաստանի իշխանությունն էլ 2009 թվականին տնտեսական ճգնաժամից Հայաստանը փրկելու համար մի կերպ կարողացավ Ռուսաստանից 500 միլիոն վարկ կորզել: Իսկ Քըրք Քըրքորյանը 200 միլիոն դոլար նվիրեց Հայաստանին, իսկապես ապացուցելով, ինչպես գրում է Վարդան Օսկանյանը, որ մեծագույն հայրենասեր է, ընդ որում կյանքը շատ ավելի լայն, իսկ հայրենասիրությունը շատ ավելի պետական շրջանակներում պատկերացնող հայրենասեր: Բայց, այդ ամենից հետո հարց է առաջանում, իսկ ինչ եղավ Քըրք Քըրքորյանը: Ինչու նա դադարեցրեց իր նշանակալի օգնությունը Հայաստանին: Նրա 200 միլիոն դոլարի ծրագրի շարունակությունը եղավ մոտ 60 միլիոնանոց մի ծրագիր, որով կարծես թե դպրոցաշինական աշխատանքներ իրականացվեցին: Եվ վերջ: Իհարկե, 260 միլիոն օգնությունը՝ նվերը, ահռելի բան է, բայց, հազիվ թե դա լիներ Քըրք Քըրքորյանի հայրենասիրության սահմանը: Հազիվ թե այդ մեծ հայրենասերը համարեր, որ արդեն բավական բան նվիրել է հայրենիքին եւ այլեւս հերիք է: Ըստ ամենայնի, Քըրքորյանի խոշորածավալ եւ հեռանկարային բարեգործությունների արգելակման պատճառը բոլորովին այլ տեղ է, իսկ ավելի կոնկրետ՝ նրա բարեգործության շնորհիվ կատարված աշխատանքի որակի մեջ: Լինսի ծրագրի իրականացումից անցել է ընդամենը 8-9 տարի: Ինչ վիճակում են Լինսով նորոգված երեւանյան փողոցները, քանի անգամ են նրանք փորվել, քանդվել, փլվել, ճաքել: Հենց առաջին իսկ ցրտաշունչ ձմռանից հետո այդ փողոցները եւ մայթերը զգալիորեն ճաքճքեցին, իսկ արդարացումն էլ եղավ այն, թե ցուրտ էր: Կարծես կառուցողները չգիտեին, որ Երեւանում ձմեռը ցուրտ է լինում: Ինչ վիճակում են Լինսով նորոգված մշակույթի օբյեկտները, դպրոցները: Ինչ վիճակում են միջպետական ճանապարհները: Ինչու աղետի գոտում հինգ հարկանի շենքերի փոխարեն, կառուցվեցին ընդամենը չորս հարկանիներ: Արդյոք այն պատճառով, որ դոլարի փոխարժեքի հետ սկսված խաղերի շնորհիվ ծրագրի այսպես ասած գնողունակությունը նվազեց, ու նաեւ շինարարները «փայլուն» մենեջմենթի շնորհիվ չտեղավորվեցին շինարարության ժամկետների մեջ: Ով է գնահատել այդ ամենը, ով է հրապարակավ չափել այդ ամենի արդյունավեությունը: Միգուցե հենց դա է պատճառը, որ Քըրք Քըրքորյանն այսօր այդքան էլ մեծ խանդավառությամբ չի ցուցաբերում իր հայրենասիրության ֆինանսական մասը՝ որ արտահայտվում էր հեռանկարային ծրագրերի ուղղությամբ կատարված նվեր-ներդրումների տեսքով: Միգուցե Քըրքորյանն այլեւս չի հավատում, որ իր հատկացումները հայրենիքում ծախսվում են բավարար արդյունավետությամբ: Չէ որ մենք չգիտենք, թե ինչպես է իրականացվել ծրագիրը, իսկ Քըրքորյանը հո գիտե, քանի որ անկասկած կհետաքրքրվեր, թե իսկ ինչպես է ծախսվում այդ փողը: Ի վերջո, ի տարբերություն ասենք մերօրյա, տեղաբնակ ստվերային միլիարդատերերի, Քըրքորյանն իր փողերն օդից չէր աշխատել, կամ չէր աշխատել ամերիկյան պետության եւ ժողովրդի հաշվին, այլ դա արել էր աշխատանքով, համբերատարությամբ, հետեւողականությամբ, ու գիտեր այդ փողի արժեքը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: