Monday, March 19, 2012

Կազանից հետո ես հույս չունեմ, թե ԼՂ հարցը կլուծվի այս տարի կամ մոտ ապագայում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը: - Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն մարտի 14-ից Հարավային Կովկաս էր: Ի՞նչ հետաքրքրություններ ունի Գերմանիան մեր տարածաշրջանում, և կարո՞ղ ենք ասել, որ Գերմանիան վերագնահատել է իր հետաքրքրությունները և ցանկություն ունի առավել ակտիվորեն համագործակցել Հարավային Կովկասի երկրների հետ: - Գերմանիան միշտ էլ հանդես է եկել որպես շարժիչ ու հետաքրքրված կողմ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության գործում, իսկ Հարավային Կովկասը հանդիսանում է այդ քաղաքականության կարևոր, ինչպես նաև բարդ տարրերից մեկը: - Իսկ Գերմանիայի հետարքրությունները Հարավային Կովկասի շուրջ ամբողջությամբ համապատասխանո՞ւմ են այս տարածաշրջանի հետ կապված Եվրամիության հետաքրքրությունների հետ: - Այո, կարելի է ասել, որ մեծ մասամբ մեր հետաքրքրությունները համընկնում են: Իհարկե, 2007-ին, երբ ԵՄ-ում նախագահությունը Գերմանիայինն էր, մենք մեր հիմնական հետաքրքրություններն ու ծրագրերը նվիրել էինք Կենտրոնական Ասիայի խնդիրներին, և մշակել ենք ծրագրեր այդ տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ: Բայց դա դեռ չի նշանակում, որ Հարավային Կովկասի խնդիրները Գերմանիայի համար պակաս հետաքրքիր են: - Իսկ Գերմանիայի ծրագրերը՝ կապված Հարավային Կովկասի հետ, տարածաշրջանայի՞ն բնույթ են կրում, թե՞, այնուամենայնիվ, այս տարածաշրջանի առանձին երկների հետ էլ Գերմանիան համագործակցության նպատակներ ունի: - Գերմանիան երկկողմ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հետ, բայց Բեռլինը, ինչպես և Բրյուսելը, մեկ անգամ չէ, որ ընդգծել է տարածաշրջանային ֆորմատի համագործակցությունների կարևորությունը և ցանկությունը, որ այս տարածաշրջանի երկրները բարիդրացիական հարաբերություններ ունենան միմյանց հետ, ինչն էլ կխթանի տարածաշրջանի զարգացմանը: Բայց այդ ցանկության իրագործմանը մինչ օրս էլ խոչընդոտում է տարածաշրջանային կոնֆլիկտների առկայությունը, ինչպես օրինակ ԼՂ հարցի առկայությունը, որն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների պատճառ է հանդիսանում: - Գերմանիայի արտգործնախարարն իր այցելության ժամանակ նաև հայտարարել է, որ ժամանակն է հասնել ԼՂ հարցի կարգավորմանը: Ձեր կարծիքով, արդյոք այդ ժամանակն արդեն եկե՞լ է, և ի՞նչ դիրքորոշում ունի այդ խնդրում Գերմանիան: Ձեր երկիրն ինչպե՞ս է պատկերացնում այդ հարցի կարգավորումը: - Շատ դժվար է ասել: Կազանից հետո ես ակնկալիքներ չունեմ, թե ԼՂ հարցը կլուծվի այս տարվա ընթացքում կամ էլ մոտ ապագայում: Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի պետական պաշտոնյա Հայաստան կամ Ադրբեջան իր այցելության ժամանակ պետք է որ ասի, թե եկել է այդ կոնֆլիկտի լուծման ժամանակը, որը ամենահին, ամենակարծր և ամենավտանգավոր կոնֆլիկտն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: - Եվրամիությունը բազմիցս հայտարարել է ԼՂ հարցում առավել ակտիվորեն ներգրավվելու իր ցանկության մասին: Պարոն Հալբախ, Ձեր կարծիքով, ԵՄ-ն նման հնարավորություն ունի՞, և ինչպիսի՞ն պետք է լինի այդ ակտիվ ներգրավվածությունը: - Մինչ օրս Եվրամիությունը, որը 2008թ. ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ կարևորագույն դեր խաղաց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բավականին պասիվ է ու գրեթե բացակայում է: Բրյուսելն իր այդ տեղը զիջում է ԵԱՀՄ Մինսկի խմբին: Բայց կա քաղաքական կառույց ԵՄ-ի մակարդակով՝ Եվրոպական խորհրդարանը, որն էլ հենց պահանջում է ԵՄ-ի առավել մեծ ակտիվությունը ԼՂ հարցի կարգավորման հարցում: - Գիդո Վեստերվելեն նաև խոսել էր Nabucco ծրագրի մասին և կարևորել դրա իրականացումը: Ի՞նչ հետաքրքրություններ ունի Գերմանիան այս ծրագրի վերաբերյալ, և Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կտա այս ծրագրի իրականացումը տարածաշրջանին: - Բեռլինը, ինչպես և Բրյուսելը, այդ ծրագրում տեսնում է մի գործիք, որի միջոցով հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել բնական գազի ներկրումը Եվրոպա և նվազեցնել այդ հարցում Ռուսաստանից կախվածությունը: Բայց սա մի ծրագիր է, որը դեռևս չի իրագործվել: Բայց առանց Nabucco-ի էլ Ադրբեջանի կշիռը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև տնտեսական հարաբերություններում բավականին մեծացել է:

No comments: