Tert.am. 25-4-2012- Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլի 24-ի ոգեկոչմանը` թուրքական Hurriyet-ը փորձել է ի մի բերել այդ օրվա բերումով կատարվածը: Թերթը առաջին հերթին անդրադառնում է ԱՄՆ-ի նախագահի` «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելուն` դրա փոխարեն «մեծ եղեռնի» (great disaster) կիրառությամբ: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, նշում է Hurriyet-ը, Փարիզում մասնակցել է միջոցառումների: Նախատեսված է եղել նաև Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը հիշատակման միջոցառումների: Ըստ թերթի` հայերի զանգվածային ջարդերի զոհերին հիշում են ամբողջ աշխարհում, այդ թվում և` Թուրքիայում: Թուրք ակտիվիստները մի շարք միջոցառումներ են անցկացրել. նրանք կարմիր ծաղիկներ են տեղադրել և նամակ հղել Ամենայն հայոց կաթողիկոսին և Լիբանան` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին : Նամակում նրանք իրենց «ամոթն ու հարգանքն են հավաստել ցեղասպանության ընթացքում կոտորված օսմանյան հայերի հանդեպ»: Նամակում խոսվում է նաև հայերից խլված ունեցվածքի մասին: Ակտիվիստները փաստել են նաև, որ «ցեղասպանության ժխտումը հանցագործություն է մարդկության դեմ»: Սրան հակառակ ցինիկ հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: Նա մասնավորապես ասել է. «Ապրիլի 23-ի և ապրիլի 24-ի միջև ոչ մի տարբերություն չկա: Ճիշտ չէ այդ օրվան այդպիսի կարևորություն տալը: Վայելեք ապրիլի 25-ը»: Հայտարարություններից բացի՝ Մարդու իրավունքների ասոցիացիայի Ռասիզմի և խտրականության կոմիտեն Սուլթանահմեթ հրապարակում երթ է անցկացրել Թուրքական և իսլամական արտեֆակտերի թանգարանի շենքի առաջ: 1915-ին հենց այդ շենքում են պահվել 250 հայ մտավորականները՝ մինչ աքսորվելը: Ժամանակին թանգարանի շենքը որպես բանտ է օգտագործվել:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment