Thursday, April 26, 2012

Քուրդ պատգամավորն առաջարկել է ապրիլի 24-ը «սգո օր» հռչակել

Tert.am. 25-4-2012- Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն»
կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը հայտարարել է, որ իրենց խորհրդարանին առաջարկ կներկայացնեն` Ապրիլի 24-ը սգո օր հռչալելու մասին: «Մեր նպատակը այդ սպանությունները դատապարտելը, մեր անցյալի ցավերի հետ առերեսվելն ու այդ ցավը կիսելն է»,-ասել է նա: Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, քուրդ պատգամավորը խորհրդարանում հայտարարել է, որ 1915 թ.-ի ապրիլի 24-ին հազարավոր հայեր են սպանվել: «1915 թ.-ի Հայոց Ցեղասպանությունը հիշելու և ցավը կիսելու համար մենք մասնակցել են երեկ Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ակցիային: Մեր հողերում նման բան է տեղի ունեցել: «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցությունը հազարավոր հայերի է սպանել: Դա աշխարհի բոլոր լեզուներով կոչվում է «ցեղասպանություն»: Հայերի ողջ ունեցվածքը` այդ թվում մշակութային ժառանգությունը թալանվել է: Մենք փոխանակ արդարանալու, թե «մեր պապերը նման բան չեն արել», պետք է դատապարտենք այն»,-ասել է Օնդերը: Անդրադառնալով փոխհատուցման խնդրին, նա նշել է, որ նման ցավը գումարով կամ որևէ այլ բանով փոխհատուցել չեն կարող: «Մենք եթե ցեղասպանություն անվանենք, մեզնից գումար կամ հող չեն ուզելու: Իրականում դա մարդկության դեմ հանցանք է եղել, դրա համար փոխհատուցում կկարողանանք տալ, սակայն գումարը ցավը չի մեղմի»,ասել է նա: Քուրդ պատգամավորի համոզմամբ` խնդիրը լուծելու միակ ճանապարհը Ցեղասպանությունը ճանաչելն ու ցավը կիսելն է: Նա նշել է, որ իրենք առաջարկ են ներկայացնելու` ապրիլի 24-ը սգո և հիշատակի օր հռչակելու մասին:

No comments: