Thursday, April 26, 2012

Երևանում բացվեց Ցեղասպանության ժամանակ զոհված ասորիների հիշատակին նվիրված հուշաքար

Tert.am. 25-4-2012- Երևանի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում այսօր բացվեց
1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված ասորիների հիշատակին նվիրված հուշաքարը: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի «Աթուռ» ասորական կազմակերպության, ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի խորհրդականին կից ստեղծված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից կազմված մարմնի անդամներ, Համաշխարհային ասորական միության ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ պատվիրակներ Եվրոպայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից: «Երեկ ամբողջ օրը քրիստոնյա աշխարհն ու ողջ հայությունը նշում էին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված աշխարհի ամենամեծ ոճրագործության` Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցը: Ցեղասպանություն, որից անմասն չի մնացել նաև ասորի ժողովուրդը»,- մինչ արձանի բացումն ասաց վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, ազգությամբ ասորի Ռազմիկ Խոսրոևը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա շարունակվեցին ելույթները: Հայաստանի «Աթուռ» ասորական միության նախագահ Արսեն Միխայելովը նշեց, որ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված բոլոր ազգերն էլ պահանջատեր են Թուրքիայից: «Չենք մոռանում զոհերի հիշատակը, հայ ազգը, ասորին, հույները, բոլորս պահանջատեր ենք Թուրքիայից: Անմեղ զոհերի հիշատակը պետք է հավերժացնենք և պահանջատեր լինենք, որ ճանաչեն կատարված ոճրագործությունը և անպայման հատուցեն այդ կորուստը, որ ունեցել են մեր ազգերը»,-ասաց ասորի Միխայելովը: Վերջինս իր խոսքում հատուկ հիշատակեց լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ով, նրա խոսքով, ժամանակին ասորիներին հնարավորություն է ընձեռել ունենալու այս հուշարձանը, նաև յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել ասորական համայնքի նկատմամբ: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց նաև հայաստանյան ներկայիս իշխանություններին՝ ասորի համայնքին մշտապես սատարելու համար։ «Մեր կողքին են կանգնած եղել իշխանությունները՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովը, կառավարությունը, քաղաքապետարանը: Առայսօր ասորիներին բարոյական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի հանրապետական կուսակցությունը»,- նկատեց «Աթուռ» ասորական միության նախագահ Արսեն Միխայելովը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին ասաց, որ թեև աշխարհն այսօր, քաղաքական շահերից ելնելով, դեռ չի ընդունում հայերի ցեղասպանությունը, սակայն մի օր, ի վերջո, կճանաչի այդ ոճրագործությունը: «Մենք երբեք ու երբեք որևէ ազգի չենք ցանկանում, որ նման հուշաքարեր բացվեն»,– ասաց նա: «Աշխարհը, փաստացի, ընդունել է Հայոց ցեղասպանությունը, սակայն քաղաքական խճանկարը, մեծ տերությունների` իրենց շահերին համապատասխանող գործելակերպը… աշխարհը մտմտում է, աշխարհի արգանդը տեղատվության մեջ է, միևնույն է, մի օր պայթելու է և իրեղեն ապացույցներով աշխարհը կկարողանա մաքրվել»,- ասաց Հանրապետական պատգամավորը: Ելույթների ավարտին հաջորդեց հուշարձանի բացումը:

No comments: