Tuesday, April 3, 2012

Ընտրակեղծքիների դեմ ԱՄՆ-ն ոչ մի կանխիչ քայլ չի ձեռնարկի. «Սա Ձեր պետություն է, մեր պետությունը չէ». ԱՄՆ դեսպան

Tert.am. 3-4-2012- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը չի ցանկանում կոնկրետ առանձնացնել, թե անկախության 20 տարիներին Հայաստանի երեք նախագահներից ով էր առավել շատ ամերիկյան հարաբերություններին ուշադրություն դարձնում: Այսօր Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի առիթով ուսանողներից մեկի հնչեցրած հարցին, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունն արդյոք ավելի ամերիկամետ չէր, քան Ռոբերտ Քոչարյանինը՝ ակնհայտորեն, իսկ Սերժ Սարգսյանինը՝ որոշակիորեն: «Ես չեմ պատրասվում անուններ տալ, թե որ նախագահի օրոք ինչպիսին էր հարաբերություները: Իմ համոզմամբ, այսօր Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություները բավականին ուժեղ են, ամուր և օրեցօր ամրանում են, նախորդ երկու նախագահների օրոք էլ, այսօր էլ նույնպես»,- ասաց նա և հիշեցրեց, որ նախորդ տարի Հիլարի Քլինթոնը եկավ Հայաստան և հույս հայտնեց, որ այս տարի նույնպես կգա: Որպես խոչընդոտ երկու պետությունների համար, ըստ դեսպանի, կարող է հանդիսանալ ժողովրդավարության չափանիշներին չհետևելը: «Մենք ցանկանում ենք Հայաստանում տեսնել ժողովրդավարություն: Մենք ուշի ուշով հետևում ենք ընտրություններին, ինչի դրական արդյունքի դեպքում խթանիչ մեծ ազդեցություն կդառանա երկու երկրների հարաբերություններին»,-ասաց նա և ապա նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ամենուր տեսանելի են նաև տնտեսական համագործակցության համար առկա խոչընդոտները: Ըստ նրա՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության բավական փոքր ծավալների պատճառը Հայաստանում առկա բիզնես միջավայրն է, որը, ըստ նրա, բարեփոխումների կարիք ունի: «Թափանցիկության գործնթացը կօգնի, որպեսզի ես էլ ամերիկյան գործարարներին խրախուսեմ ներդրումներ անել այստեղ»,-ասաց նա: Առաջիկա ընտրություններին ընտրակեղծիքների դեմ ԱՄՆ-ն ոչ մի կանխիչ քայլ չի ձեռնարկի. «Սա Ձեր պետություն է, մեր պետությունը չէ: Մենք ոչինչ էլ չենք անի կանխելու համար, բայց մենք կօգնենք բոլոր քաղաքական և քաղաքացիական կողմերին գործընկերներ գտնել , որպեսզի մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն ուղղված մեխանիզմներ»,-ասաց նա: Վերջին ընտրություններից հետո գրանցված տեղաշարժը Ջոն Հերֆերնի համար նկատելի է: Նա նշում է, որ նախորդ ընտրությունները թերի էին, ինչի մասին հրապարակավ ասել են տարիներ շարունակ, ինչը և ընդունել են իշխանությունները: Այս դեպքում նա ողջունում է ընտրություններից 40 օր առաջ ընտրացուցակների հրապարակումը իսկ դրան հաջորդած ուռճացված թվերի մասին հրապարակումները, ըստ նրա, օգտակար են: Նա հույս ունի, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ նույնպես կտեղադրվեն: Ուսանողներին հետաքրքրում էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դիրքորոշումը: Ջոն Հեֆերնն ասաց, որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որպեսզի կոշտ հռետորաբանության տոնը իջեցվի, սպառազինությունները կայունացվեն, և երկրները ժողովուրդներին պատրաստեն հակամարտության խաղաղ լուծմանը: «Լավատեսության շրջաններ եղել են, մենք շարունակելու ենք պահանջել, որոնել ճիշտ բանաձևը՝ խաղաղություն գտնելու համար: Հրադադարի դադարեցման մեխանիզմների ուղղությամբ մենք շարունակելու ենք կողմերին պահել սեղանի շուրջ, դա ավելի լավ է, քան չնստելը»,-ասաց նա: Հայոց ցեղասպանության՝ ԱՄՆ-ի կողմից չճանաչելու պատճառի մասին դեսպանը ոչինչ հստակ ասել չէր կարող, քանի որ ըստ նրա, մեծ փոփոխություն քաղաքական ասպարեզում չկա, և ԱՄՆ-ն նույն դիրքորոշմանն է: « Նախագահ Օբաման ամեն տարի ապրիլի 24-ին ելույթ է ունենում, որի ժամանակ նշում է, որ ընդունում է անցյալի դառը իրողությունը, զանգվածային բնաջնջումը և կոչ անում, որ այն արդարացի ճանաչում ստանա»,-ասաց նա և խոսեց իր պետության դիրքորոշման մասին, այն է՝ կարևորը հայ-թուրքական կողմերի միջև համաձայնության գալն է: Դեսպանն ընդունում է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական վատ պայմաններում, ունի դժվարին հարևաններ, որոնցից երկուսի հետ սահմանները փակ են: «Հայաստանի չորս սահմաններից մյուսն Իրանն է, որում առևտուրը կուզեինք սահմանափակված տեսնել: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին, որ տարածաշրջանի մեկուսացումը վերացվի: Ճնշումներ ենք գործադրում Թուրքիայի վրա՝ մղելով նրանց վավերացնելու արձանագրություները, որպեսզի փակ սահմանները վերանան»,-շարունակեց նա: Սակայն միևնույն ժամանակ նկատեց, որ պետք չէ առկա վիճակը մշտապես պայմանավորել աշխարհաքաղաքական դիրքով: Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման համար ԱՄՆ-ի ֆինանսավորման հարցին: «ԱՄՆ ֆինանսապես կաջակցի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սակայն այսօր դա ռուսական կողմին է վերապահված, իսկ իրենց նպատակը անվտանգության հարցերով օգնությունն է»,-ասաց նա: Ուսանողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի կրթական համակարգը: Դեսպանը չժխտեց կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, նաև նշեց Հայաստանում առկա տեղեկատվական տեխնոլոգիանների զարգացման հաճելիորեն դրական միտումը: ԱՄՆ դեսպանը խոսեց նաև հայ կանանց ընդգրկվածության խնդրին, որը, ըստ նրա, ակտիվ չէ:

No comments: