News.am.2-4-2012- Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը հրաժարվել է դատական գործ հարուցել Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ, ով Շվեյցարիայում ժխտել էր Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, Ցյուրիխի գլխավոր դատախազության կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 2012-ի հունվարի 30-ին Բաղըշի կողմից 1915-ի հետ կապված հայտարարություն է հնչել, որը մեծ արձագանք է գտել մամուլում եւ հեռուստատեսությամբ։ «Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ խորհրդակցության ժամանակ պարզել ենք, որ Բաղըշն այդ հայտարարությունն անելու ժամանակ ունեցել է դիվանագիտական անձեռնմխելություն»,-նշվել է Ցյուրիխի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Դավոս եկած օտարերկրյա կառավարությունների բոլոր անդամներն, ըստ միջազգային օրենքների, օժտված են անձեռնմխելիությամբ։ «Սակայն, ըստ միջադեպերի, անձեռնմխելիությունը կարող կասեցվել։ Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու վերջնական որոշում կայացնելը ոչ թե ԱԳՆ-ի, այլ դատական մարմինների գործն է»,-ասվել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պատասխանում։
Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։ Այնուհետ Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը Բաղըշի դեմ նախնական հետաքննություն է սկսել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի հատկանիշներով։
Tuesday, April 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment