Saturday, April 7, 2012

Օսկանյանն ընդդեմ Տիգրան Սարգսյանի

«Լրագիր» 6-4-2012- Մինչ ԲՀԿ նոր անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական անգամ քննադատում է վերջին քառամյակի տնտեսական քաղաքականությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը դրանից առաջ եղած քաղաքականությունը հռչակում է փուչիկ, իսկ դրանում ներգրավված փողերի մեծ մասը որակում սպեկուլյատիվ փողեր: Այդ մասին վարչապետը խոսել էր Lragir.am-ի թղթակցի հարցին ի պատասխան: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում շինարարական անկում եղավ, որովհետեւ այդ ոլորտում մեծ քանակի սպեկուլյատիվ փող էր առկա, եւ համաշխարհային ճգնաժամի հետեւանքով այդ փուչիկը պայթեց: Այդ տարիներին Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ էր: Կարծես թե չի եղել մի հրապարակային դեպք, երբ Տիգրան Սարգսյանն իր դժգոհությունը կամ մտահոգությունը հայտներ երկրի տնտեսության կարեւորագույն ուղղություններից մեկում առկա սպեկուլյատիվ մեծաքանակ փողի մասին, զգուշացնելով, որ այդ ամենը ոլորտի աճը վերածում է փուչիկի, որը կարող է պայթել: Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի լուռ նախագահ էր, եւ այժմ երբ իրեն բնորոշ հանդարտ եւ սահուն տոնով բացատրում է նախկին փուչիկի էությունը, թերեւս լավ կլինի, որ տա նաեւ այդ հարցի պատասխանը՝ որպես այդ տարիներին կարեւորագույն ֆինանսական համակարգի՝ ԿԲ նախագահ, արդյոք նա փորձել է որեւէ կերպ հուշել տնտեսական քաղաքականություն իրականացնողներին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ վարվող քաղաքականությունը չափազանց հեղհեղուկ եւ թույլ հիմքեր ունի: Մյուս կողմից սակայն, Տիգրան Սարգսյանը զուտ բովանդակային առումով թերեւս իրավացի է, եւ այդ տեսանկյունից, երբ Վարդան Օսկանյանը գնահատում է ներկայիս քաղաքական իրավիճակը, ապա թերեւս իզուր է փորձում 2008 թվականի գիծ քաշել, որովհետեւ տնտեսության մեջ գծերը հարաբերական հասկացություն են, եւ մի տնտեսական քայլի էֆեկտը կամ դեֆեկտը կարող է զգացվել շատ ավելի ուշ: Օրինակ, փորձառու տնտեսագետները թերեւս կարող են համաձայնել, որ երբ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ընթացքում 2000 թվականից սկսած մոտ երկնիշ տնտեսական աճ էր արձանագրում, իսկ 2001-ից էլ արդեն երկնիշ, դրանում զգալի դեր ունեին նաեւ այն քայլերը, որ կատարվել էին ասենք Հրանտ Բագրատյանի կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում: Հետեւաբար, գնահատելով 2008 թվականից հետո առկա տնտեսական վիճակը, քննադատության մեջ առավել համոզիչ լինելու համար թերեւս արժե փոքր ինչ մանրամասն կանգ առնել դրանից առաջ տեղի ունեցած քայլերի վրա, մինչեւ 2008 թվականը եղած տնտեսական բազայի վրա: Բանն այն է, որ մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությամբ հանդերձ, կան ընդհանրություններ, որոնց համար 2008 թվականը, կամ որեւէ թվական, սահման չէ: Խոսքը տնտեսության կլանային բնույթի, քվոտավորվածության, մոնոպոլ եւ օլիգոպոլ համակարգի մասին է: Հայաստանի տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական իրավիճակի, արատավոր համակարգի գլխավոր, հիմնական պատճառներից մեկն այդ երեւույթներն են, որոնք կային թե 2008 թվականից առաջ, թե կան դրանից հետո: Իսկ մնացյալ մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն ընդամենը “սպազմներն” են, երբ ասենք հիվանդ անձնավորությանը նաեւ մրսացնում են: Միգուցե Սերժ եւ Տիգրան Սարգսյանները մրսացրել են քաղցկեղով հիվանդ տնտեսությունը, ինչի հետեւանքով էլ վերջին չորս տարում սպազմներն իսկապես շատացել են՝ ինչպես արդարացիորեն նկատում է Վարդան Օսկանյանը: Բայց միգուցե բանն այն էր, որ նաեւ անհնար էր հիվանդին չօդափոխելը, այլապես նա արդեն կարող էր ուղղակի շնչահեղձ լինել: Տեսակետները տարբեր են, գնահատականները տարբեր են, ու դրա շուրջ կարող է ծավալվել իսկապես երկար տնտեսագիտական բանավեճ: Բայց, հազիվ թե որեւէ մեկը վիճարկի այն, որ Հայաստանի տնտեսությունն ինչպես կար Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկնիշ աճի տարիներին, այդպես էլ շարունակում է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մնալ կլանային, օլիգոպոլ եւ մոնոպոլ բնույթի: Ու հազիվ թե որեւէ մեկը վիճարկի, որ անկախ «սպազմների» առատությունից եւ հաճախակիությունից, խնդիրը համակարգի բուն արատը՝ քաղցկեղը բուժելն է, այսինքն մոնոպոլիաները եւ օլիգոպոլիաները վերացնելը, տնտեսությունն ազատականացնելը, տնտեսությունն ու բիզնեսը տարանջատելը: Այդ հարցում, հավասարապես անարդյունավետ են եղել թե Ռոբերտ Քոչարյանը՝ որի ժամանակ նախարար էր Վարդան Օսկանյանը, թե Սերժ Սարգսյանը, որի վարչապետն է Տիգրան Սարգսյանը: Հետեւաբար, այն, ինչի մասին այժմ նրանք խոսում են, մեծ հաշվով նույնքան սպեկուլյացիա եւ փուչիկ է, որքան շինարարության մեջ ներգրավված փողերն էին: Դրանք կդադարեն այդպիսին լինել, երբ մասնակիցները դադարեն իրավիճակի հատվածական գնահատականներից եւ խնդիրները հասարակության առաջ դնեն ամբողջական, ու ներկայացնեն ամբողջական գնահատականներ եւ լուծման բանաձեւեր, որպեսզի հասարակությունն ունենա անկեղծության չափման համեմատաբար ավելի մեծ հնարավորություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: