ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակը տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ մոտ լինելը: Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո Իտալիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 13-ին և 14-ին համապատասխանաբար Թուրինում և Ավիլյանայում տեղի են ունեցել երկու տարբեր միջոցառումներ հետևյալ վերնագրերով. «Բառեր և երաժշտություն, որպեսզի չմոռացվի. Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության» և «Ելևեջներ Արարատից»: Իտալացի հասարակությանն են ներկայացվել հայ կոմպոզիտորների գործեր: Հանդիսություններին ներկա են եղել իտալացի քաղաքական գործիչներ: Ապրիլի 22-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում կազմակերպվել է Գյուրջիևի անվան ժողնվագարանների համույթի համերգը: Համերգին ներկա էին շուրջ 100 հոգի, այդ թվում` Իտալիայի քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին Նեապոլի Սան Ֆրանչեսկո դի Պաոլա Թագավորական և Քահանայապետական մայր տաճարում պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և փոխանցվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ուղերձը: Պատարագից հետո կազմակերպվել է երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, զետեղվել է ծաղկեպսակ: Երթի ժամանակ բաժանվում էին տեղեկատվական բրոշյուրներ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում և Միլանի Հայ առաքելական եկեղեցում նույնպես պատարագներ են մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին Կուզանո Միլանինո քաղաքում տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. 1915թ. Ցեղասպանություն» վերնագիրը կրող երեկույթը, որի ընթացքում կարդացվել է Ցեղասպանությանը նվիրված զեկույց, իսկ վերջինիս ավարտին ցուցադրվել է Անրի Վերնոյի «Մայրիկ » ֆիլմը: Ապրիլի 27-ին Ռիետիում տեղի կունենա «Հիշողություն. Իրավունք թե առանձնաշնորհություն», որն արդեն իսկ հասարակական ու լրագրողական մեծ հետաքրքրություն է առաջացրել մի քանի շաբաթ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչած իտալական քաղաքում:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment