«Լրագիր» 2-4-2012-Ոստիկանությունում տեղի է ունենում բավական հետաքրքրական կադրային փոփոխություն: Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Գաբրիել Գաբրիելյանը, իսկ նրա փոխարեն, ինչպես գրում է մամուլը, ամենայն հավանականությամբ նշանակվելու է բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ Լյովա Երանոսյանը:
Ինչով է հետաքրքրական այդ փոփոխությունը: Փոփոխությունը հետաքրքրական է թե նրանով, որ այն տեղի է ունենում նախընտրական շրջանից անմիջապես առաջ, թե նրանով, որ այդ շրջանում փաստորեն ոստիկանության զորքի հրամանատար է դառնում բանակային գեներալը:
Այդ պարագայում կարծես թե հրատապ է դառնում հարցը, թե արդյոք ոստիկանության զորքը նախընտրական շրջանում պետք է բանակային պատրաստություն անցնի հետընտրական որոշակի իրադարձությունների համար: Արդյոք իշխանությունը սպասում ունի, որ ընտրությունից հետո Հայաստանում կարող է տեղի ունենալ այնպիսի գործընթաց, որի պարագայում ոստիկանության զորքից կարող են բանակային հմտություններ պահաջվել:
Հետաքրքրական է նաեւ այն, որ կադրային այդ փոփոխությունը եւ ոստիկանության զորքի հրամանատարի պաշտոնում բանակային գեներալի հայտնվելը տեղի է ունենում արտակարգ դրության մասին օրենքի ընդունմանը զուգահեռ: Ինչպես հայտնի է, այդ օրենքը թույլ է տալիս բանակը ներգրավել ներքին գործընթացներում: Փաստորեն, իշխանությունը չի բավարարվում դրանով եւ այսպես ասած “բանակացնում” է նաեւ ոստիկանության զորքը:
Կասկած չկա, որ բանակի գեներալի նշանակումը այդ պաշտոնին թողնելու է իր ազդեցությունը ոստիկանության կամ այսպես կոչված ներքին զորքերի հնարավոր գործողությունների վրա:
Այդպիսով, կարծես ակնառու է, որ Հայաստանի իշխանությունը բավական ինտենիսվ միջոցներ է ձեռնարկում հանրապետության ներքին կյանքում այսպես ասած ուժային ներկայացվածությունն ընդլայնելու եւ հնարավորինս ռազմականացնելու ուղղությամբ:
Այդ հանգամանքը կարծես թե հուշում է, որ չնայած իր հռակած “Հավատանք, որ փոխվենք” կարգախոսին, իշխանությունն ինքը չի հավատում ազատ եւ արդար, լավագույն ընտրություն անցկացնելու մասին իր խոստումներին, պատրաստակամության մասին հավաստիացումներին:
Որովհետեւ, եթե դրանք իրապես անկեղծ են, ապա ինչու պետք է մտածել իրավիճակի ռազմականացման մասին: Չէ որ ազատ եւ արդար ընտրությունից հետո չի կարող լինել որեւէ այնպիսի լարում, երբ կլինի իրավիճակը բանակային տրամաբանությամբ եւ ոճով հանգուցալուծելու անհրաժեշտություն: Չէ որ հասարակությունը չի գնա որեւէ ընդդիմադիր ուժի հետեւից, եթե ընտրության ընթացքում չբախվի իր կարծիքն արտահայտելու եւ իր քվեն բաշխելու խոչընդոտի հետ եւ տեսնի, որ իրեն իսկապես տվել են ըստ իր հայեցողության քվեարկելու հնարավորություն եւ հետո էլ հաշվի են առել այդ քվեարկության արդյունքը:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանը ոչ թե ընդդիմությունից, այլ հենց իշխանությունից է վախենում: Գուցե Սերժ Սարգսյանը վախենում է, որ իրական հարվածը կարող է ստանալ հենց իշխանությունից, եթե հանկարծ իրապես փորձի թեկուզ փոքր ինչ ազատ եւ փոքր ինչ արդար ընտրություն անցկացնելու միջոցով որոշակիորեն խախտել ներքաղաքական եւ ներիշխանական ստատուս քվոն:
Միգուցե Սերժ Սարգսյանը վախենում է, որ ընտրությունից հետո ոչ թե ընդդիմությունը, այլ դրա ընթացքից, եւ գուցե ոչ այնքան բուն, նոմինալ արդյունքից, այլ նշմարվող հեռանկարներից եւ միտումներից դժգոհ իշխանական խմբերը կարող են հետընտրական ինչ որ գործընթացներ սադրել իր դեմ, տարբեր քողարկված միջոցներով:
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ներքին կյանքում պաշտպանական դիրքերի կառուցմանը: Թե հատկապես ումից է նա պատրաստվում պաշտպանվել, կամ ինչից, ամենալավն իհարկե իրեն է հայտնի: Թեեւ, հնարավոր է, որ իրեն էլ հայտնի չէ, առավել եւս, որ նախագահության չորս տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը փաստացի չի վարել քաղաքականություն, որ գոնե ինչ որ կողմ կամ սուբյեկտ հայեցակարգային եւ հեռանկարային իմաստով գոհ լիներ այդ քաղաքականությունից: Այդ իմաստով, թերեւս առավել ճշգրիտ կլինի այն ձեւակերպումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտպանվել իր քաղաքականությունից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, April 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment