Monday, May 14, 2012

Հանրապետության հրապարակում պայթյունից տուժածներից 9-ը դեռևս վերակենդանացման բաժանմունքներում են

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 81 տուժածներ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Նա հստակեցրեց՝ ասելով, որ վերջին տվյալների համաձայն՝ մայրաքաղաքի հիվանդանոցներում բուժվում են 72 տուժածներ, իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ 9-ը: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ կա՞ն արդյոք այնպիսի այրվածքով տուժածներ, որոնք կոսմետիկ վիրահատության կարիք ունեն, պատասխանեց, որ կան նման դեպքեր: «Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ քանիսն ունեն վիրահատական միջամտության կարիք»,- ասաց Շ. Հունանյանը՝ վստահեցնելով, որ նրանք բոլորը կստանան անհրաժեշտ բժշկական միջամտությունը ճիշտ ժամանակին: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության համերգ-հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի հիվանդանոցներ էին տեղափոխվել 100-ից ավելի քաղաքացիներ՝ մարմնական վնասվածքներով և տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանց մեծամասնությունն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ ոմանք շարունակում են բուժում ստանալ:

No comments: