Tuesday, May 1, 2012

Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորները «ցեղասպանություն» բառն անգամ շշուկով չեն ասում. Ղևոնդ Մկրտչյան

Tert.am. 1-5-2012- Ջավախքի հարցերով փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորներն ունեն իրենց ակնհայտ արտոնությունները, մինչդեռ, ըստ նրա, նույնը չի կարելի ասել հայ պատգամավորների մասին: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ փորձագետը նկատեց, որ դա է փաստում ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ վրացի և ադրբեջանցի պատգամավորի միջև ծագած վեճը: Իսկ հայ պատգամավորները, Ղևոնդյանի խոսքով, անգամ շշուկով չեն համարձակվում խոսել Հայոց ցեղասպանության մասին.«Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորն իրեն նման պահվածք է թույլ տալիս, իսկ հայ պատգամավորները խորհրդարանում անգամ շշուկով չեն արտաբերում «ցեղասպանություն» բառը»: Փորձագետը կարծում է, որ Վրաստանի Ազգային ժողովում հարկավոր է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ ինչ վերաբերում է ընդունել-չընդունելուն, ապա դա հարցի մյուս կողմն է: Հիշեցենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր «Վրացական ժողով»-ի պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի և կառավարող «Միացյալ ազգային շարժում»-ից Ազեր Սուլեյմանովի միջև բուռն վեճ էր սկսվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Ազգությամբ ադրբեջանցի Սուլեյմանովը գործընկերոջը անվանել էր «Բագատուրյան», և «խորհուրդ տվել», որ վերջինս «քիթը չխոթի իրեն չվերաբերող գործերի մեջ»: Դրանից հետո, նրանք սկսել են միմյանց վրա տարբեր իրեր նետել, իսկ այնուհետև՝ անցել ձեռնամարտի: Ասուլիսի մասնակից, Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի գնահատմամբ, ադրբեջանցի պատգամավորն իրեն ոչ կոռեկտ է պահել՝ դրսևորելով պատգամավորին ոչ վայել պահվածք, ինչն անընդունելի է: Վերջինիս տեղեկացմամբ, թեպետ ադրբեջանցի պատգամավորը հետո ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն դա նրան ամենևին չի արդարացնում: «Վրաստանի հայ համայնքին կհորդորեի՝ ավելի ակտիվացնեն իրենց գործողություններն ու Հայոց ցեղասպանության հարցում լինեն ավելի համախմբված, և միասնական աշխատեն»,-ասաց Ալիկ Էրոյանցը: Ա. Էրոյանցն ընդգծեց այն փաստը, որ ադրբեջանցիներն այդ օրը ՝ ապրիլի 24-ին, շատ պատրաստված են եղել և նախապես ծրագրել են իրենց բոլոր քայլերը: Այսպես. միջադեպից րոպեներ անց, խորհրդարանի առջև հավաքվել են Վրաստանում բնակվող ադրբեջանցի ուսանողներն ու իրենց բողոքն արտահատել ընդդեմ Բագատուրիայի: Բացի այդ, Ալիկ Էրոյանցի տեղեկացմամբ, այդ օրը խորհրդարանում ներկա էին նաև ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վրաստանի հարցերով փորձագետ Ա. Էրոյանցն անդրադարձավ նաև հետևյալ փաստին՝ միջադեպից հետո խորհրդարանում հայազգի պատգամավոր Արմենակ Բայանդուրյանին խոսքի իրավունքից զրկելուն: Նա հիշեցրեց, որ Բայանդուրյանն այդ ընթացքում ցանկացել է խոսք ասել, սակայն խորհրդարանի խոսնակը նրան թույլ չի տվել` չմիացնելով խոսափողը: Չնայած արգելքին, այնուհանդերձ, Բայանդուրյանն ասել է իր ասելիքը: Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանի խոսնակը, պարզապես փորձել է հանդարտեցնել, քանի որ, եթե շարունակվեր լարված իրավիճակը, անկանխատեսելի դեպքեր կլինեին:

No comments: