Tuesday, May 1, 2012

Իրանը պահանջում է ԱՄՆ-ից ներողություն խնդրել ամերիկացի քահանայի արարքի համար

News.am. 1-5-2012- Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է
ամերիկացի քահանայի անհարգալից վերաբերմունքը Ղուրանի նկատմամբ եւ պահանջում ԱՄՆ իշխանություններից շուտափույթ ներողություն խնդրել իսլամական աշխարհից: Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ամերիկացի այսպես կոչված քահանայի ստոր, վարկաբեկիչ եւ սադրանք պարունակող` Մեծն մարգարեի սուրբ հրաշագործություն Ղուրանի նկատմամբ բացահայտ անհարգալից քայլը եւ այդ գործողությունը բնութագրում իբրեւ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի` քաղաքակրթությունների եւ կրոնների պատերազմների նախագծողների, իսլամաֆոբիայի եւ հակաիսլամական նախագծի իրականացման ուղղությամբ կրած պարտություն: Անկասկած ամերիկացի քահանայի ստոր քայլը դարձել է կրոնական ատելության առաջացման պատճառ եւ կհարուցի աշխարհի մուսուլմանների զայրույթը, որը նման ծայրահեղ գործողությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու պատճառով ավելի է մեծացնում ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը: ԻԻՀ ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով նման անհարգալից քայլերը ԱՄՆ-ում, որոնք ամեն անգամ ուղեկցվում են տարբեր պատրվակներով եւ քարոզչական ու լրատվական արշավներով, համոզված է, որ միջազգային հանրությունը սպասում է ԱՄՆ կառավարության շուտափույթ, խիստ եւ հստակ արձագանքին` այն իրականացնողների դեմ միջոցներ ձեռնարկելու եւ այդ մշակութային հանցագործությունը կանխելու նպատակով հստակ եւ գործնական քայլեր կատարելու ուղղությամբ: Պարզ է, որ ամերիկյան ռազմական ուժերի նախկին հանցագործությունները Աբուգրեյբ եւ Գուանտանամո բանտերում, ինչպես նաեւ վերջերս Աֆղանստանի Բեգրամ բանտում Ղուրանի այրման ցավալի իրադարձությունը եւ այդ երկրի իշխանությունների կողմից դրանք իրականացնողների նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելը ավելի համարձակ է դարձնում զազրախոսներին եւ ծայրահեղականներին, եւ դրա վառ օրինակը Թերրի Ջոնսի վերոհիշյալ գործողությունն է, որը կանոնավոր կերպով ստեղծելով ԱՄՆ կառավարության ՝ իրեն հիմարի տեղ դնելու տպավորություն, անհրաժեշտ է դարձնում ԱՄՆ կառավարության ներողությունը իսլամական աշխարհից: Իրանը, հաշվի առնելով անցյալի փորձը եւ հույս չունենալով, որ արեւմտյան, մասնավորապես ամերիկյան քաղաքական գործիչների կողմից ազդեցիկ միջոցներ կձեռնարկվեն այդ մշակութային աղետի կրկնությունը կանխելու ուղղությամբ, քրիստոնեա աշխարհի ղեկավարներից, գիտնականներից, կրոնական հանդուրժողականության եւ կրոնների միջեւ երկխոսության կողմնակիցներից, իսլամական երկրների մտավորկաններից ու ղեկավարներից եւ հատկապես իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալում է, որ այդ հակաիսլամական նախաձեռնության եւ դրա նկատամամբ ԱՄՆ գործնական լռության դեմ իրենց ազդեցիկ դիրքորոշումը արտահայտելով, կանխեն այն քայլերը, որոնք մշակութային ատելություն սերմանելու միջոցով ոչ միայն խարխլում, այլ սպառնում են համաշխարհային խաղաղության եւ ժողովուրդների բարեկեցության հիմքերը»: Հիշեցնենք, որ ամերիկացի քահանա Թերի Ջոնսը ապրիլի 28 -ին Ղուրանի եւ Մուհամեդ մարգարեի պատկերի մի քանի օրինակ էր այրել: Ֆլորիդացի հոգեւոր հովիվը որոշել է այդկերպ հակազդել իրանական իշխանություններին, որոնք մահվան էին դատապարտել քրիստոնյա հոգեւորական Յուսեֆ Նադարխանին:

No comments: