Sunday, May 13, 2012

Արա Պապյան. Իրավական դաշտում պայքարի հաջողության հիմքերը մեզ համար շատ ուժեղ են

Panorama.am. 11-5-2012- Լույս է տեսել պատմաբան Արա Պապյանի «Հայրենիատիրություն.Հայոց հայրենատիրության իրավական հիմքերը և հարակից հարցեր» հոդվածների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի 119 հոդված, որոնք գրվել են 2006-2011 թթ. ընկած ժամանակահատվածում: Աշխատությունը յուրօրինակ ուղեցույց է ոչ միայն Հայկական հարցով զբաղվող տարբեր մասնագետների` թուրքագետների, արևելագետների, դիվանագետների, միջազգայնագետների և պատմաբանների, այլ նաև լայն հասարակության համար: Գրքի տպագրությունն հովանավորել է «Հիքսոս» հիմնադրամը` ի հիշատակ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի, և ժողովածուն նվիրվում է նաև Շուշիի ազատագրման 20-ամյակին: Ինչպես այսօր շնորհանդեսի ժամանակ նշեց հեղինակը` Արա Պապյանը վերջին շրջանում բավական շատ է խոսվում Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցն իրավական դաշտ տեղափոխման վերաբերյալ: «Իրավական դաշտում պայքարի հաջողության հիմքերը մեզ համար շատ ուժեղ են»,-ընդգծեց նա, նշելով, որ աշխատության մեջ նա ներառել է բոլոր այն պայմանագրերն ու փաստաթղթերը, որոնք առնչվում են Հայոց հարցի և Հայ դատի հետ ինչպես նաև միջազգային մի շարք կոնվենցիաներ: Ա.Պապյանը նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Мօdus Vivendi» կենտրոնն այժմ պատրաստվում է իսպաներեն հրապարակել նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: «Վճիռի բնօրինակը կթարգմանվի նաև հայերեն, քանի որ տարիների ընթացքում Հայաստանում այն ներկայացվել է կարծրացած կոմունիստական աղավաղումով», - հայտնեց բանախոսը, նշելով, որ նման կերպ ընդլայնվում է իրավական հիմքերի վրա Հայկական հարցի լուծման հնարավորությունը: Բանախոսը կարևորեց Հայկական հարցին, և, մասնավորապես Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռին վերաբերվող փաստաթղթերի խորացած իրավաբանական վերլուծությունները նաև այն տեսանկյունից, որ անդրադարձ է արվում հայ-ադրբեջանական և հայ- վրացական սահմաններին: «Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է սահմանվում որպես Հայաստանի մաս, այլև` Դաշտային Ղարաբաղը», -շեշտեց նա: Ա.Պապյանը նշեց, որ իր գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության դիրքերի ամրապնդումն է, քանի որ երկիրը չի կարող հզորանալ` առանց հողային, նյութական և այլ տիպի փոխհատուցման:

No comments: