Panorama.am. 18-5-2012- Իրան-Ադրբեջան հարաբերությունները ճգնաժամի մեջ են: Երկու երկրների դեսպանատների և հյուպատոսությունների առաջ ցույցեր են տեղի ունենում, ինչի ժամանակ երկուստեք, պաշտոնական մակարդակով, կտրուկ հայտարարություններ են հնչում: Այս մասին գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մայիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցը «օրենքով սահմանված չի եղել», իսկ դա անցկացրել են «խաբված սիոնիստները»: «Նման քայլերն ուղղված են ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վիրավորելուն»,-նշված է հայտարարության մեջ: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի վերաբերյալ: «Բաքվում համոզված են, որ այս ցույցերի հետևում կանգնած են Ադրբեջանի հանդեպ ոչ բարեկամական տրամադրություններ տածող ուժերը, որոնց նպատակն է՝ վնասել ադրբեջանա-իրանական հարաբերությունները»,- իր հերթին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը: Ռեգնումը հիշեցնում է, որ անցած շաբաթ Թավրիզում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության առաջ մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որտեղ Ադրբեջանի նախագահի և պաշտոնական Բաքվի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցվել: Ի պատասխան, Բաքվում մի շարք ցույցեր են տեղի ունեցել, որտեղ նմանատիպ վիրավորական արտահայտություններ են հնչեցվել Իրանի իշխանությունների հասցեին:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment