Thursday, May 10, 2012

«Սարդարապատ» շարժում. Ոստիկանները Ա. Վարդանյանին բռնությամբ հանել են վրանից, այնուհետև խլել վրանը և հովանոցը

Սարդարապատ» շարժումը տեղեկացնում է, որ մայիսի 3-ից ՀՀ քաղաքացի, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, ով իրացնելով իր անկապտելի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հացադուլ է հայտարարել և նստացույց է անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, փորձել է վրան տեղադրել, սակայն Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ ժամանած ոստիկանական կարգախումբը հացադուլավորին բռնությամբ հանել է վրանից, այնուհետև՝ դարձյալ բռնություն կիրառելով, խլել է վրանը և հովանոցը: Ի պատասխան ներկաների վրդովմունքին, որ հացադուլավորը անձրևի տակ կթրջվի, գնդապետ Ռ. Մելքոնյանը կոպիտ կերպով պատասխանել է, թե թրջվում է, թող թրջվի: Աղբյուրը նաև հայտնում է, որ եղանակային անբարենպաստ հանգամանքների ազդեցությունից առողջությունը պահպանելու և իր քաղաքացիական իրավունքները լիարժեք կերպով իրականացնելու տարրական պայմաններ ստեղծելու համար վրան և հովանոց տեղադրելու խնդրանքով հացադուլավորը մայիսի 3-ին դիմել է ՀՀ ոստիկանություն, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 4-ին, Երևանի քաղաքապետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ վերջիններիս տեղեկացնելով, որ հովանոցն արդեն տեղադրել է: Երևանի քաղաքապետից մինչ այս պահը որևէ պատասխան չի ստացվել: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վկայակոչել է Մաշտոցի այգու դեպքերի կապակցությամբ մեկ վրան տեղադրելու թույլատրելիության վերաբերյալ իր եզրակացության նախադեպը: Չնայած այս հանգամանքին, Ոստիկանությունը անձրևային եղանակի պայմաններում հացադուլավորին արգելել է նույնիսկ օգտվել հովանոցից, ինչպես նաև բանավոր կերպով նրան պարբերաբար զգուշացրել է, որ վրանի տեղադրումն արգելելու է: «Սարդարախատ» շարժումից նաև տեղեկացնում են որ Ա. Վարդանյանը վաղը նստացույցի վայրում մամուլի ասուլիս է հրավիրում՝ արդեն 7 օր տևող հացադուլի նպատակների և իր անկապտելի իրավունքների բռնի խախտման մանրամասների վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար:

No comments: