Saturday, May 12, 2012

Թուրքիան Ֆրանսիայի նոր նախագահից «արդարություն» է ակնկալում. թուրք լրագրողի նամակը` Օլանդին

Tert.am. 11-5-2012- Թուրքիան Ֆրանսիայի նոր նախագահից արդարություն ու կառուցողական մոտեցում է ակնկալում:
Այս մասին նշվում է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված թուրք լրագրող Յավուզ Բայդարի նամակում, որն ամբողջությամբ հրապարակվել է Today’s Zaman թերթում: «Ապագան, որի համար Դուք պատասխանատու եք, Ձեզ կստիպի ուշադրության առնել այն գործոնը, թե Ֆրանսիան ինչպիսի հարաբերություններ կընտրի Թուրքիայի հետ»,- գրում է թուրք լրագրողը` հավելելով. «Ձեր ռազմավարական մոտեցումը Թուրքիայի հանդեպ կորոշի նաև Թուրքիա- Եվրամիություն հարաբերությունների ապագան, և դա, ընդունում են Թուրքիայի հակառակորդները, թե ոչ, Թուրքիայի` որպես համաշխարհային տերության էքզիստենցիալ դերը (գոյության փիլիսոփայություն)»: Նամակում նշվում է նաև Օլանդի նախորդի` Նիկոլա Սարկոզիի «բացասական դերի» մասին` ընդգծելով, որ հենց նա «դանդաղեցրեց» Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության գործընթացը` խաղալով «ոչ իրական, հնաոճ, անարդար ու ցինիկ խաղ»: Թուրք լրագրողը Ֆրանսիայի ներկա նախագահին դասում է Եվրոպայի կենտրոնական քաղաքականության ավանդույթները կրողների շարքին, որոնք առաջ են տանում մարդու իրավունքների համաշխարհային արժեքները: «Դուք չեք պատկանում եվրոպացի աջերին, որոնք մինչ այսօր մոլորության մեջ են գցում ընտրողներին` օգտագործելով պոպուլիստական հռետորությունը: Ձեր խնդիրները, պարոն Նախագահ, կենսական կարևորություն ունեն: Ձեր որոշումները կունենան խորը հետևանքներ: Այս օրերին փոքրիկ զրույցը տիկին Օլբրայթի հետ (Մադլեն Օլբրայթ` ԱՄՆ պետքարտուղար), օրինակ, օգտակար կլիներ»,- խորհուրդ է տվել Բայդարը:

No comments: