Sunday, May 13, 2012

Ընտրախախտումների վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները տարբեր են. Հմայակ Հովհաննիսյան

HayNews.am. 12-5-2012- «Միասնական շտաբը որոշում չի կայացրել, թե ընտրախախտումներն ինչ կերպ է բողոքարկելու, քանի որ դրանում ներգրավված կուսակցությունների մոտեցումները բողոքարկման վերաբերյալ տարբեր են: Օրինակ՝ միասնական շտաբի անդամ Հայ ազգային կոնգրեսը ընտրությունների արդյունքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում»,- հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն` ի պատասխան HayNews.am-ի հարցի, թե ինչպես է միասնական շտաբը պատրաստվում օգտագործել ընտրախախտումների վերաբերյալ տեսագրությունները: Քաղաքագետը նշեց, որ ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ տեսագրություններով համացանցն արդեն իսկ ողողված է ու նման տեսանյութեր տարածելու իմաստն արդեն չկա. «Իսկ ԲՀԿ-ն, օրինակ, բողոքարկման այլ տարբերակ ունի: Նա պահանջել է մի քանի ընտրատեղամասերի վերահաշվարկ: Ընտրատեղամասերից մեկում, օրինակ, ԲՀԿ-ի օգտին 360 ձայնի փոխարեն գրանցվել էր 60 թիվը»: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ միասնական շտաբի հիմնական գործառույթն այն էր, որ միասնական ուժերով կանխարգելեին ընտրախախտումները, սակայն իրենց հաջողվեց միայն արձանագրել դրանք. «Կանխարգելել չհաջողվեց, քանի որ անխափան գործեց ընտրակեղծիքների մեխանիզմը: Նախկինում հայտնի ընտրակեղծիքներին` կրկնակի քվեարկություն և այլն, գումարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թողտովությամբ ու որոշակի մասնակցությամբ «դրոշմակնիքներ» օպերացիան: Եթե Սահմանադրական դատարանը բավարարեր միասնական շտաբի հայցադիմումը, ընտրացուցակների ուռճացումից կխուսափեինք»: Հմայակ Հովհաննիսյանը նաև նշեց, որ միասնական շտաբը կկարողանար որոշակիորեն խուսափել ընտրակեղծիքներից, եթե իրենց միանար Հանրապետական կուսակցությունն` ի դեմս Գալուստ Սահակյանի. «Եթե միանային, կտային այն հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում էին շտաբի անդամ քաղաքական ուժերին` կապված ընտրական իրավունք ունեցող, բայց հանրապետությունից բացակայողների տվյալների հետ»:

No comments: