Sunday, May 13, 2012

Թուրքիան ուզում է նոր էջ բացել Ֆրանսիայի հետ հարաբերություններում.Բաղըշ

Tert.am. 12-5-2012- Թուրքիայի իշխանությունները լիահույս են, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարող են դրական առաջընթաց ունենալ նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարության ընթացքում, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ Օլանդը նոր էջ կբացի Թուրքիայի և Ֆրանսիայի` պատմական խոր արմատներ ունեցող և արգասաբեր հարաբերություններում: Անկարան կցանկանար Ֆրանսիային որպես աջակից տեսնել Թուրքիայի` Եվրամիությանն ինտեգրվելու հարցում»,- նշել է Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը: Թեև Ֆրանսուա Օլանդն, ի տարբերություն Նիկոլա Սարկոզիի, ավելի շատ է հակված աջակցել Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնուամենայնիվ նա նշել է, որ Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ շատ երկար է և իր պաշտոնավարման առաջին 5 տարիների ընթացքում Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ: Անկարայի և Փարիզի միջև հարաբերությունները լարվեցին, երբ ֆրանսիացի օրենսդիները հունվարին ընդունեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը սակայն չհաստատվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: «Եվրոպայի օրվան» նվիրված տոնակատարություններից մեկի ընթացքում Էգեմեն Բաղըշը հիշեցրել է, որ Թուրքիան արդեն կես դար է պայքարում է ԵՄ-ին անդամակցելու համար: «Այդ ընթացքին ուղղված մեր քայլերն ավելի են ակտիվանալու: Թուրքիան վստահ քայլերով առաջ է գնում»,- ասել է նա:

No comments: