Sunday, May 13, 2012

Թուրքիան ամեն ինչ կանի` Կովկասի խաղաղության համար. Սելչուք Ունալ

Tert.am. 12-5-2012- Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ ստեղծել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սելչուք Ունալը` ադրբեջանական SalamNews-ին տված հարցազրույցում: Նա նշել է, սակայն, որ երկու երկրների հարաբերությունների նորմալացումը կախված է Ֆրանսիայի կեցվածքից: «Դրա համար Ֆրանսիայի ղեկավարությունը, նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի»,-ասել է նա: Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որը սակայն, Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական ճանաչվեց: Թուրք պաշտոնյան հերթական անգամ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:«Թուրքիան պատրաստ է հնարավորն անել` Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համար»,-ասել է նա: Անդրադառնալով Թուրքիայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին խնդրին, Ունալն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով նրանք արդեն իսկ պարբերաբար հանդիպում են:

No comments: