Saturday, May 12, 2012

Գեղամ Բաղդասարյան. Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտից դարձել է օբյեկտ

News.am. 12-5-2012- Հակամարտության կարգավորման բանակցությունների սուբյեկտից Ղարաբաղը վերածվել է դրա
օբյեկտի, ինչը հղի է բացասական հետեւանքներով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ խորհրդրանի նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ ամենասարսափելին այն է, որ ԼՂՀ-ն քաղաքական սուբյեկտ չի համարվում նաեւ մյուս հարցերում, քանի որ բոլոր որոշումները կայացվում են պաշտոնական Երեւանին նայելով: «Մեզ մոտ կարծում են, որ բոլոր մեր քաղաքական անհաջողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Ղարաբաղի հետ կապված հարցերը որոշվում էին ոչ թե Ստեփանակերտում, այլ Երեւանում»,-նշեց Բաղդասարյանը: Պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք առաջիկա նախագահական ընտրությունները եւ պետության ղեկավարի հնարավոր փոփոխությունն ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Բաղդասարյանն ասաց. «ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման մեջ որոշակիորեն փոփոխություն չի կարող լինել: Սակայն եթե ռազմավարական հարցերում առանցքային փոփոխություններ չեն նախատեսվում, ապա մարտավարական հարցերում դա այդպես չէ: Վերջին շրջանում Ղարաբաղում ավելի շատ է հնչում կարծիքը, թե ԼՂՀ-ն պետք է լինի տարածաշրջանային ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն»: Զրուցակցի կարծիքով` առաջին քայլը կարող էր լինել բանկացային գործընթացում երկու հայկական պետությունների միջեւ իրավաունքների եւ պարտավորությունների հստակ տարանջատումը, ինչը կնպաստի ղարաբաղյան իշխանությունների ինքնուրույն քաղաքականության մեկնարկին: Խոսելով ԼՂՀ-ում ներքաղաքական իրավիճակի մասին` Գեղամ Բաղդասարյանը բավական թերահավատ արտահայտվեց. «Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում` «իսկ արշալույսներն այնտեղ խաղաղ են...»: 2007 թ-ից ԼՂՀ-ում միաբեւեռ քաղաքական դաշտ է` համազգային միասնության քողի տակ: Ըստ էության, այնտեղ ոչ մի բան չի կատարվում, այնպես որ ներքաղաքական իրավիճակի մասին, որպես այդպիսին, կարելի է խոսել մեծ վերապահումով»,-նշեց նա: «Ինքներդ դատեք, նախագահական ընտրությունների մասին սկսեցին խոսել թեկնածուների առաջադրման ժամկետից բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ տասնյակ քաղաքական կուսակցություններից ոչ մեկը սեփական թեկնածու չունեցավ. շատերը հակված են աջակցելու գործող նախագահին»,-նշեց փորձագետը` ավելացնելով, որ ընտրական գործընթացի նկատմամբ նման անտարբերությունը շատ բան մասին է վկայում: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին: Ապրիլի 23-ին իր թեկնածությունն է առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, իսկ ապրիլի 28-ին` Արցախի հերոս, Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը: Մայիսի 2-ին առաջդրվել էր նաեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 50-ամյա Արկադի Իվանի Սողոմոնյանը, իսկ մայիսի 4-ին` անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող 65-ամյա Վալերի Սերգեյի Խաչատրյանը: ԼՂՀ-ի նախագահական նախկին ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ընտրաձայների 85,12 տոկոսը:

No comments: