Wednesday, May 30, 2012

ԲՀԿ-ն կվերանայի՞ ռազմավարությունը

«Լրագիր» 30-5-2012- Հայաստանի նոր խորհրդարանում, կամ իշխող համակարգի նոր դասավորությունում ՀՀԿ եւ ԲՀԿ կարգավիճակները հետաքրքրական սպասումներ են ձեւավորում, թե ինչպես, ինչով է ԲՀԿ-ն տարբերվելու Հանրապետականից, ինչ դիրքորոշում է ունենալու այս կամ այն հարցում: Մասնավորապես, այդ առումով բավական հետաքրքրական է արտաքին քաղաքականության ոլորտը, որտեղ ուշագրավ նրբերանգներ կան ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ, այլ նաեւ հենց ԲՀԿ ներքին տիրույթում: Նախ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մասին: Հայաստանի համար ներկայիս ժամանակահատվածը թերեւս կարեւոր է առաջին հերթին նրանով, որ հասունացել, առարկայացել եւ կենսականացել է պետության ու հասարակության քաղաքակրթական կողմնորոշման խնդիրը: Անկախության առաջին 20 տարիներն այդ առումով որոշակի անցումային մի ժամանակաշրջան էին, որտեղ ամրագրվեցին եւ արձանագրվեցին հասարակարգային անցման հետ կապված համակարգային տարբեր դրական ու բացասական երեւույթներ, որոնք պետությունն ու հասարակությունը բերեցին մի հանգրվանի, երբ այլեւս պարզ է, որ անցումային շրջանն անցնելու համար հարկավոր է կատարել քաղաքակրթական ընտրությունը՝ որ դաշտում ենք մենք՝ արեւմտյան արժեհամակարգի, խորհրդա-ռուսական, թե ասիական համակարգերի: Հասարակարգային անցումը կարող է ամբողջանալ եւ ինստիտուցիոնալացվել, այդպիսով նաեւ կենսունակության առարկայական դրսեւորումներ ունենալ միայն այդ հստակ քաղաքակրթական ընտրությունը կատարելու, այդ հարցում հասարակական հնարավորինս լայն համաձայնության գալու շնորհիվ: Այլապես, հասարակարգի փոփոխությունը, բացի տարատեսակ բարոյահոգեբանական, իրավա-քաղաքական եւ տնտեսական կատակլիզմներից, այլ բան տալ չի կարող: Ահա այդ առումով, Հայաստանում կարծես թե ներկայում հարցը դրված է ավելի շատ արեւմտյան եւ ռուսական հարթությունների միջեւ կողմնորոշվելու տեսանկյունով: Այստեղ ռուսամետ կամ արեւմտամետ բաժանումը չափազանց պարզունակ է, որովհետեւ խնդիրը ոչ թե «մետն» է, այլ երկրի զարգացման հարցում քաղաքակրթական մոդելի հիմնարար ընտրությունը, դա ամենեւին չհակադրելով այլ մոդելներ կրող պետությունների հետ հնարավորինս սերտ եւ արդյունավետ գործակցության հեռանկարին եւ անհրաժեշտությանը: Խնդիրը շատ պարզ է՝ որ հարթությունում է Հայաստանն առավելագույնս իրացնելու իր մարդկային ստեղծագործական պոտենցիալը: Ընդ որում, խոսքը ոչ թե որեւէ հարթությունում ֆիզիկական կամ իրավաբանական, այլ առաջին հերթին հենց մտածողության, հոգեբանության տեսանկյունից ներկայացված լինելու մասին է: Այստեղ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այսինքն քաղաքական դաշտում ներկայում գերակա եւ թելադրող դիրք հաստատած երկու խոշոր ուժերի առումով առկա է բավական հետաքրքրական իրավիճակ: Հանրապետական կուսակցությունը վերջին շրջանում սկսել է բավական ինտենսիվորեն արտահայտվել Եվրոպական միությանն ուղղված քաղաքական եւ տնտեսական կուրսի վերաբերյալ: ՀՀԿ-ն դարձավ նաեւ ԵԺԿ անդամ, իսկ Հայաստանի վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանն էլ հենց ռուսական մամուլում ՀԱՊԿ եւ ԱՊՀ հոբելյանների օրերին հանդես եկավ մի հոդվածով, որտեղ փորձում էր Հայաստանի համար պրագմատիկ եւ ռացիոնալ հիմնավորում ներկայացնել, թե ինչու է առավել շահավետ Եվրոպական միության ընտրությունը, որպես տնտեսական գործակցության առավել հեռանկարային եւ շահեկան հարթություն: Միեւնույն ժամանակ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս Եվրասիական միության քարոզով, առայժմ իհարկե անուղղակի քարոզով: Այդ միության կնքահայրը, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Պուտինն է: Բարգավաճ Հայաստանը երկրի խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում Հայաստանում կազմակերպեց հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների ֆորում, որի նպատակը հենց Եվրասիական միության քարոզչությունն էր: Այդպիսով, ՀՀԿ-ն ակնհայտորեն միտված է դեպի Եվրամիություն, իսկ ԲՀԿ-ն, որ հանդիսանում է իշխանությունից դե յուրե դուրս գտնվող ամենախոշոր ուժը կամ պարզապես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում, հանդես է գալիս ռուսական տիրույթի օգտին: Եվ այդ տեսանկյունից հետաքրքրական է, թե այդ ուժերի միջեւ ինչպիսի բանավեճ է ընթանալու այդ քաղաքակրթական մոդելի ընտրության հարցում, ինչ մակարդակի, ինչ բովանդակության, ինչ շեշտադրումներով է լինելու այդ բանավեճը, եւ լինելու՞ է այն արդյոք ընդհանրապես: Ի վերջո, ամենեւին պետք չէ բացառել, որ այդ բաժանումը բխում է ոչ միայն իշխող համակարգի հետագա պահպանման, գուցե նաեւ պետական ու հասարակական մտածողության եւ մշակույթի քաղաքակրթական մոդելի շուրջ պատկերացումների տարբերությունից, այլ պարզապես համակարգի մարտավարական հնարքն է՝ երբ դե յուրե իշխանություն մասը աշխատում է Արեւմուտքի հետ հարաբերությունը դասավորելու, իսկ դե յուրե ընդդիմություն մասն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունը պահպանելու ուղղությամբ: Թեեւ, առավել հավանական է իհարկե այն, որ գործ ունենք թե մոտեցումների եւ պատկերացումների տարբերությունների, թե նաեւ որոշակի խորամանկ մարտավարության հետ, թեեւ բոլորն էլ լավ են հասկանում, որ մեծ հաշվով դժվար է երկար ժամանակ խորամանկել Արեւմուտքի կամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, եթե նրանք իհարկե դեմ չեն այդ “խորամանկությանը”, եւ եթե այն իրականում նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ համաձայնությունների արգասիք չէ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների իրավիճակին, ապա այստեղ Եվրասիական միության հանդեպ ջերմ զգացմունքների կողքին, բավական հետաքրքրական կերպարներ հայտնվեցին ԲՀԿ խմբակցությունում, որոնց պարագայում փոքր ինչ դժվար է պատկերացնել այսպես ասած խորհրդա-ռուսական արժեհամակարգի եւ մտածողության հանդեպ հավատարմություն: Խոսքը նախկին արտգործնախարար, այսպես ասած արեւմտյան միջավայրի, մշակույթի, մտածողության կրող մարդ Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ Հայաստանի առաջին խոշոր տնտեսվարողներից մեկի, իրեն ազատական գաղափարախոսության դաշտում ներկայացնող Գուրգեն Արսենյանի մասին է: Դա ենթադրում է, որ այդ երկու գործիչները պետք է որ առնվազն ձեռնպահ մնան Եվրասիական միության քարոզչության մաս կազմելուց: Մյուս կողմից, այդ գործիչների կալիբրը ամենեւին այն չէ, որ նրանք համակերպվեն որեւէ հարցում ստվերում կամ լուսանցքում մնալու դերին: Հետեւաբար պետք է ենթադրել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներսում ապագայում կարող է եւս հասունանալ քաղաքակրթական մոդելի հարցում կողմնորոշման վերաբերյալ դիսկուրսը, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն կարող է բարձրացնել կամ հայ-ռուսական հարաբերության բոլորովին այլ որակի եւ բովանդակության հարաբերությունների հարց, կամ էլ պարզապես ԲՀԿ-ում կարող է տեղի ունենալ քաղաքակրթական պատկերացումների շուրջ ռազավարության վերանայում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: