
News.am. 30-5-2012- Ղարաբաղյան հակամարտությունն ի վիճակի չէ լուրջ վնաս հասցնել Ադրբեջանի տնտեսական վարկանիշին, քանի դեռ գտնվում է սառեցված վիճակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշխարհաքաղաքական եվրոպական կենտրոնի ղեկավար, փորձագե Մատեուշ Պիսկորսկին: Նրա խոսքով, այսօր ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հակադրություն, եւ դժվար թե ի վիճակի է «փչացնել» Ադրբեջանի տրամադրությունն այդ համատեքստում:
«Իրավիճակը կարող է փոխվել, եթե հակամարտությանն անմիջականորեն միջամտեն երրորդ կողմերը: Սակայն դա դեռ տեղի չի ունենում, տարվում են բանակցություններ: Խնդիրը դուրս չի գալիս տարածաշրջանի սահմաններից, եւ դա բոլորին գոհացնում է»,- նշեց Պիսկորսկին: «Մի խոսքով, այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտությունը չի հարվածում Ադրբեջանի վարկանիշին: Սակայն ունի բոլոր հնարավորությունները դա անելու, եթե դուրս գա վերահսկողությունից»,- եզրափակեց քաղաքագետը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Moody’s վարկանիշային գործակալությունը ղարաբաղյան հակամարտության վերսկսման հավանականությունը բնութագրել է որպես Ադրբեջանին սպառնացող «չափավոր» վտանգ։ «Ադրբեջանին շնորհված Baa3 վարկանիշը հիմնականում հիմնված է այդ երկրի կառավարության ֆինանսական բարձր ներուժի վրա, որի հիմքում ընկած է վերջին տարիներին նավթային եկամուտների աննախադեպ աճը», - ասված է Ադրբեջանի վերաբերյալ տարեկան վարկանիշային զեկույցում, որը Moody’s գործակալությունը հրապարակել է անցած շաբաթավերջին։ Ադրբեջանի վարկանիշային հեռանկարը գնահատելով որպես «կայուն»՝ գործակալությունը, այնուհանդերձ, նշում է, որ այդ երկիրը շարունակում է տնտեսապես եւ ինստիտուցիոնալ առումով թույլ մնալ։ Moody’s գործակալությունը «թույլ» է գնահատում նաեւ Ադրբեջանի ինստիտուցիոնալ ներուժը՝ հիմնվելով Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող՝ կառավարման արդյունավետության եւ օրենքի գերակայության ցուցիչների վրա։
No comments:
Post a Comment