Tuesday, May 1, 2012

«Էրդողանը ցայժմ չի կարողացել լուծել որևէ հարց». Taraf-ի գլխավոր խմբագիր

Թուրքական Gazeteciler.com կայքի փոխանցմամբ՝ թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, որը մարտի վերջերին շահել էր իր դեմ վարչապետ Էրդողանի ներկայացրած հայցը, այսօր նոր հոդված է հրապարակել Էրդողանի մասին՝ այն վերնագրելով որպես «Մի մարդու ազգ»: Այս հոդվածը հանդիսանում է ցայժմ Էրդողանի դեմ Ալթանի գրած հոդվածներից ամենախիստը: Հոդվածում Ալթանը նշում է. «Երկրի խնդիրները լուծելու հարցում Էրդողանի առջև չկան արգելքներ, սակայն Էրդողանը չի կարողացել երկրում լուծել գեթ մեկ հարց: Նա չկարողացավ լուծել ո՛չ քրդական հարցը, ո՛չ Կիպրոսի հարցը՝ այդ հարցերում շարունակելով զինվորականների որդեգրած քաղաքականությունը: Բացի այդ, նա չլուծեց ալևիների հարցը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերը: 1982 թվականին զինվորականների ընդունած Սահմանադրությունը դեռ չի փոփոխվել: Դեռևս հայտնաբերված չեն Ուլուդերեի միջադեպի պատասխանատուները (երբ նախորդ տարեվերջին թուրքական օդուժը սպանել էր մոտ 35 խաղաղ քրդերի՝ նրանց դնելով PKK-ի զինյալների տեղ.- 1in.am): Հայտնի չէ, թե ո՞վ է արձակել խաղաղ գյուղացիներին սպանելու հրամանը: Երկրի արտաքին քաղաքականությունը վերածվել է երգիծական սերիալի, ձախողվեցին «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունն ու մերձավորարևելյան հակամարտությունների հարցում երկրի միջնորդությունը: Մտավորականները որակվում են որպես թշնամիներ: Նա ցանկանում է, որ արվեստագետները լռեն և հանդես չգան քննադատություններով: Էրդողանը սկսել է իրեն տեսնել ողջ ազգի դերում: Այն ժամանակ այդ դերում իրեն տեսնում էր Քենան Էվրենը (1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ), այժմ էլ Էրդողանն է դա սկսել»:

No comments: