1in.am. 25-6-2012- Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեին «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ հասարակական կազմակերպության հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը՝ հայտնելով իր մտահոգությունը հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղին ունեցած դաժան ծեծկռտուքի վերաբերյալ: Անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության պայքարին՝ ասաց, որ այս մակարդակի նախաձեռնության դեպքում ոչինչ փոխել հնարավոր չէ, բայց եթե ավելի մոբիլիզացվենք, հնարավոր է: Արմինե Առաքելյանի կարծիքով՝ խնդիրը հասարակության պատրաստվածության և պահանջի մեջ է, որովհետև մեր արդարադատության համակարգը անկախ և ինքնուրույն համակարգ չէ, ենթակա է քաղաքական և քրեաօլիգարխիկ հրահանգներին, հետևաբար արդար դատավճիռ չի կարելի ակնկալել՝ բացառությամբ, եթե լինի հասարակական ճնշում: «Խնդիրն այն է, թե մեր հասարակության մեջ ինչքան են այդ օջախները և ինչքան համախմբված են մարդիկ, պատրաստ, անվախ պայքարելու դրանց դեմ, որովհետև վախի մթնոլորտ կա: Մաշտոցի պուրակի նման սա ևս փորձ է և ավելի դժվար, որովհետև իշխանության թևին ենք փորձում առողջացնել, դա արդեն արդարադատության թևն է: Կարևորն այն է, որ մեր հասարակության մեջ ստեղծված օջախների շուրջ համախմբում լինի և համարձակ կարողանան առաջ գնալ պահանջները հստակ և ճիշտ ձևակերպելով, որովհետև խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ են կալանավորվել, այլ այն, թե այս ճնշումն ինչպես կզարգացվի և կդառնա սիստեմատիկ»,- մեկնաբանեց քաղաքագետը: Նրա համոզմամբ՝ միայն պայքարի այս եղանակի դեպքում կարելի է դրական արդյունք և ցուցանիշ արձանագրել: Արմինե Առաքելյանը խորը մտահոգություն հայտնեց միջադեպի կապակցությամբ քաղաքական դաշտի լռության վերաբերյալ: Նա զարմանքով նշեց, որ որևէ կուսակցություն, մասնավորապես ընդդիմությունը հիմնականում չարձագանքեց և ԱԺ-ում հարց չբարձրացրեց: «Եթե համակարգն ուզում ենք փոխել, պետք է առիթները կարողանալ արդյունավետ օգտագործել: Երբ իրենց մտահոգությունը չեն հայտնում, նշանակում է իրենք ևս մաս են կազմում այս համակարգին և աջակցում են դրա հաստատմանը: Հավանաբար կան որոշ գործարքներ և կապեր, որ մտածում են չխոսել, որովհետև իրենց դեմ ևս նման փաստեր կան, այսինքն՝ մաքուր չեն: Սա նշանակում է, որ գաղափարական, քաղաքական և մանավանդ ժողովրդի գերակա շահի համար չեն աշխատում: Սա է հիմնականը և սրանից առավել կարևոր հարց ես չեմ տեսնում»,- եզրափակեց իր խոսքը Արմինե Առաքելյանը:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment