Monday, June 25, 2012

ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները կքննարկեն թուրքական կործանիչի հետ կապված միջադեպը

«Լրագիր» 25-6-2012- Թուրքիան հունիսի 26-ին դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-ի Խորհրդի արտակարգ նիստ է հրավիրելու՝ կապված Սիրիայում թուրքական կործանիչի ոչնչացման հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որտեղ նշված է, որ դաշինքի անդամ ցանկացած պետություն կարող է խորհրդակցություն խնդրել, եթե նրա տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ էլ անվտանգությունը սպառնալիքի տակ է: «Ակնկալում ենք, որ Թուրքիան այդ միջադեպի կապակցությամբ զեկույց կներկայացնի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը թուրքական ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռիչքից կես ժամ անց անհետացել էր ռադարների էկրաններից: Սիրիայի ՀՕՊ ուժերը ոչնչացրել էին այն՝ նշելով, որ ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը:

No comments: