Monday, June 25, 2012

Ինչ է սպասվում Եգիպտոսում

Եգիպտոսում նախագահ է ընտրվել Մուսուլման եղբայրների ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին, և նույնիսկ եթե այս շարժման իշխանությունը Եգիպտոսում երկար չտևի, միևնույն է, նախադեպը ստեղծվել է: Մուսուլման եղբայրներ ասոցիացիան դարձել է երկրի ամենակազմակերպված ուժը, և հենց նրանք են դարձել ԱՄՆ գլխավոր գործնընկերները Եգիպտոսում: Այս ամենը պատահական չէ, քանի որ ասոցիացիայի գործունեությունը Եգիպտոսում արդեն 80 տարվա կյանք ունի, և եթե նկատի առնենք, որ իսլամական հանրության մեջ առկա է քաղաքացիական հասարակություն, ապա դրանք հենց Մուսուլման եղբայրներն են: Ներկայում Մուսուլման եղբայրներ ասոցիացիան իրենից ներկայացնում է որոշ չափով ապակազմակերպված կառույց, որտեղ կորսվել են ավանդական կապերն ու վերահսկման միջոցները: Ասոցիացիայի ֆորմալ կառույցը շարունակում է գոյություն ունենալ, կատարվում են ունենում որոշ ընթացակարգեր, բայց գրեթե ամեն երկրում կա Մուսուլման եղբայրներ ինքնուրույն կազմակերպություն: Այնուամենայնիվ, Եգիպտոսում «եղբայրների» որոշակի «օթյակները» ոչ միայն լավ կազմակերպված զանգվածային քաղաքական ուժեր են, այլ նաև ազդում են շատ այլ իսլամական պետությունների վրա: Ներկայում Մուսուլման եղբայրները Սաուդյան Արաբիայում գործում են տեղի կառավարության և այլ իսլամական կազմակերպությունների հետ շփման եւ համագործակցության մեջ: Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի Մուսուլման եղբայրներ կազմակերպությունները գաղափարապես տարբերվում են ավանդական պատկերացումներից, որոնք մշակվել են Եգիպտոսում Հասան ալ-Բաննայի աստվածաբանական դպրոցում: Ներկայում Մուսուլման եղբայրներն իրական քաղաքական ազդեցություն ունեն իսլամական երեք երկրներում և հավակնում են քաղաքական իշխանության Եգիպտոսում, Սուդանում և Սիրիայում: Եգիպտոսում ասսոցիացիան շարունակում էր մնալ իսլամական ընդդիմության հիմքը և հավակնում է ողջ իշխանությանը: Պետք է հասկանալ, որ Մուսուլման եղբայրները մի շարք երկրներում չափազանց «ազգայնացված» են և ներկայացնում են, առաջին հերթին, ազգային շահերը: Դա բազմիցս ապացուցվել է «եղբայրների» դիրքորոշմամբ Հորդանանում կամ Լիբիայում, ինչես նաև Կատարում: Մուսուլման եղբայրների «դասական օթյակների» համար անընդունելի են սալաֆիական գաղափարները, որոնց դեմ նրանք հաճախ ելույթ են ունենում: Ներկայում ԱՄՆ-ը սերտ կապերի մեջ է Եգիպտոսի «եղբայրների» հետ, և փորձում է կազմավորել սկզբունքային հարաբերություններ: Հասկանալի է, որ Եգիպտոսի ցանկացած իշխանություն պետք է ձգտի պահպանել տուրիզմից ստացած եկամուտը, ԱՄՆ-ի տնտեսական օգնությունը, ինչպես նաև վեջիններիս հետ ռազմավարական հարաբերությունները, որոնք երաշխավորում են Եգիպտոսի գլխավոր դերը Արաբական աշխարհում: Եգիպտական հանրությունն արդեն զգացել է, թե ինչ է նշանակում իր երկրի դուրսբերումը տարածաշրջանային մակրոտերության վիճակից, և տարածաշրջանում նախկին, ավանդական դիրքերի կորուստը: Եգիպտական հանրությունը թեկուզ և բազմազան է, բայց ազգայնական է, և ձգտելու է վերադարձնել երկրի նախկին դերը: Արաբական պետությունները նույնպես մեծ դիսկոմֆորտ են զգացել Եգիպտոսի դերի թուլացման արդյունքում, երբ Թուրքիան և Իրանն անհապաղ ուժեղացրել են իրենց դիրքերը տարածաշրջանում: Իրաքի և Լիբիայի կազմալուծման պայմաններում Արաբական աշխարհը հասկացել է, որ միայն հզոր Եգիպտոսը կարող է լինել արաբների առաջնորդ: Չնայած իր հսկայական ռազմական և քաղաքական ծախսերին, Սաուդյան Արաբիան այդպես էլ չկարողացավ դառնալ արաբների առաջնորդը: Պետք է նշել, որ Եգիպտոսում մրցակցող ուժերի սոցիալական բազան ունի նմանատիպ կառույցներ: Եվ նախկին վարչակարգի ներկայացուցիչներին, եւ Մուսուլման եղբայրներին աջակցում են մանր և միջին բուրժուազիան, մտավորականությունը, հոգեւորականությունը եւ զինվորականները: Այդ պատճառով Եգիպտոսի նոր էլիտայից պետք է սպասել ազգայնականության և քաղաքական հավակնությունների բավական բարձր մակարդակ: Ամեն դեպքում, եգիպտական էլիտան և ԱՄՆ-ը արտաքին քաղաքականության հարցում շահագրգռված են թույլ չտալ ուրիշ պետություններին, հատկապես Թուրքիային և Իրանին, հզորանալ Արաբական աշխարհում: Իգոր Մուրադյան

No comments: