Monday, June 25, 2012

«Եթե Ադրբեջանի ներքին իրավիճակը սրվի, ապա կարող է գործի դրվել Ղարաբաղյան խաղաքարտը». Թոմաս դե Վաալ

CivilNetTV-ին տված հարցազրույցի ժամանակ Կարնեգիի հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` Մեքսիկայում արած հայտարարությունը կարևոր է ոչ այնքան այդ հայտարարության բովանդակության տեսանկյունից, որքան որ իր խորհրդանշական է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները նմանատիպ հայտարարություններ էին անում G-8-ի հանդիպման ժամանակ, և առաջին անգամ դա արվեց G-20-ի հանդիպման ժամանակ: Այդ հայտարարությունը միջոց էր` հակամարտող կողմերին ցույց տալու, որ համանախագահներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում Ղարաբաղյան հակամարտությունը, անգամ եթե Ռուսաստանում ու Ֆրանսիայում փոփոխություններ են տեղի ունեցել նախագահական ընտրությունների արդյունքում: Բացի այդ, հայտարարության միջոցով հակամարտող կողմերին հիշեցրին, որ պատերազմն անընդունելի է, և որ հակամարտող կողմերը հենց իրենք պետք է համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցում: Հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերը ստվեր գցեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի վրա: Ժամանակի ընտրությունն անհաջող էր, եթե ոչ` շատ կասկածելի: Թվում է, թե կողմերից մեկը, դժվար է ասել, թե որ մեկը, փորձել է ուշադրություն հրավիրել Ղարաբաղյան հակամարտության վրա, և միջադեպերը համընկան Քլինթոնի այցի հետ, ով, ի դեպ, տարածաշրջան էր ժամանել խաղաղության կոչով: Կովկասում առկա է որոշակի վախ, քանի որ այդ տարածաշրջանը դարերով գաղութացվել է և փաստացի անկախություն է ձեռք բերել միայն 20 տարի առաջ: Գոյություն ունի տեսակետ, ըստ որի` Հարավային Կովկասի երկրները տիկնիկ են հանդիսանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի ու Իրանի ձեռքերում, որոնք խաղում են նրանցով, կամ էլ հանդիսանում են շախմատի խաղացողներ: Սակայն ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ տարածաշրջանային ուժերը, ունենալով սեփական շահերը, մանիպուլացնելով գերտերություններին, նրանց հակադրում են միմյանց, և դա լավ ստացվում է նրանց մոտ: Հեշտ է մեղքը բարդել գերտերությունների վրա` ասելով, թե մենք չենք կարողանում համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանը, Հայաստանն ու Ղարաբաղը փոքր երկրներ են, և գերտերությունները խաղարկում են նրանց: Խնդիրն այն է, որ եթե վերջիվերջո գերտերությունները որոշում ընդունեն նրանց փոխարեն, ապա դա նրանց դուր չի գա: Ներկայիս դրությամբ անհնար եմ համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը: Զինված ուժերը գտնվում են քաղաքական լուրջ վերահսկողության ներքո, և թեև գրանցվում են մի շարք դիպուկահար կրակոցներ, սակայն ծանր տրամաչափի զենքի գործածումը հնարավոր է միայն քաղաքական որոշում ընդունելու դեպքում: Ներկայումս կողմերի շահերից չի բխում զինված հակամարտության վերսկսումը: Դա պետք չէ Հայաստանին, քանի որ, ըստ էության, նա ունի այն, ինչ ցանկանում է: Դա ձեռնտու չէ նաև Ադրբեջանին, քանի որ այնտեղ ընթանում է բանակաշինություն, և չարժե ռիսկի տակ դնել և կորստյան մատնել այն ամենը, ինչին նա հասել է տվյալ ոլորտում: Սակայն կա սպառնալիք, որ 3-4 տարի անց հաշվարկները կարող են փոփոխության ենթարկվել: Այս համատեքստում Ադրբեջանը շատ դինամիկ երկիր է` թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Դրականն այն է, որ Ադրբեջանը վերածվում է հարուստ երկրի, ինչպես նաև ուժ է հավաքում որպես պետություն: Բացասականն այն է, որ այդ երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում` նաև Իրանի հետ, ինչպես նաև ներքին լարվածություն: Եվ եթե Ադրբեջանի ներքին իրավիճակը սրվի, ապա գայթակղությունը կարող է ավելի աճել, որ ադրբեջանական կողմը կարող է խաղարկել Ղարաբաղյան խաղաքարտը, ինչ-որ բան սկսել հայերի դեմ, ինչը, այսպես կոչված, ազգային նախագիծ է, ազգային գաղափար, որը կմիավորի երկիրը և կչեզոքացնի ընդդիմությանը: Սակայն առաջիկա 2-3 տարում ընտրություններ պետք է տեղի ունենան տարածաշրջանի բոլոր երկրներում, ինչը պետությունների ղեկավարների ուշադրությունը գամում է ներքին կապիտալի ապահովման վրա և ստիպում է նրանց ավելի զգույշ լինել հարևանների հետ համաձայնության գալու հարցում: Ընտրությունները չեն կարող խթան հանդիսանալ հակամարտության սրման համար, հատկապես Հայաստանի դեպքում, ուր առկա է ավելի դինամիկ ներքին քաղաքականություն, քան Ղարաբաղում ու Ադրբեջանում: Եթե վերջին երկուսի դեպքում ընտրությունների արդյունքները քիչ թե շատ կանխատեսելի են, ապա Հայաստանի պարագայում դա այդպես չէ: Անկանխատեսելի է իրավիճակը` կապված գազի ու նավթի հետ, և եթե տեղի ունենա գների անկում, թեև այսօր ընթանում է ճիշտ ընդհակառակը, ապա ով գիտե … Երկրորդ խնդիրն Իրանն է: Եթե իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը մեծանա, ապա Իրանը կարող է հեշտությամբ սադրել Ադրբեջանին: Դա կնշանակի Բաքվում ներքին անկայունություն, ինչը հակացուցված է Ղարաբաղյան խաղաղ գործընթացին: Այս դեպքում Ադրբեջանում կարող է ընդունվել այնպիսի քաղաքական որոշում, որի մասին արդեն իսկ նշվել է: Մյուս կողմից էլ` Ղարաբաղի հայերին կարող է անհրաժեշտ լինել փոքր պատերազմ, որը կտևի մեկ շաբաթ՝ Ադրբեջանին վերստին ցույց տալու համար իրենց ուժը: Չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ ընդամենը 6 դիտորդներ ամսական երկու անգամ են այցելում տարածաշրջան, ինչը նշանակում է զրոյական միջազգային դիտարկում: Սակայն հուսով լինենք, որ պատերազմ տեղի չի ունենա, քանի որ դա կհանգեցնի բազմաթիվ կորուստների, ինչպես նաև անելանելի իրավիճակ կառաջացնի խաղաղության գործընթացում: Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը խրվել են խաղաղության ու պատերազմի միջև: Խնդիրն այն է, որ նրանց միջև կատարելապես բացակայում է վստահությունը, և այդ խնդիրը մեծանում է: Կողմերը պետք է օգնեն միմյանց դրական դինամիկայի մեջ մտնելու և խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում: Հնարավոր է՝ խնդիրը համանախագահների մեջ է, որոնք կողմերի հետ նստած են սենյակում: Միգուցե նրանք պետք է դուրս գան սենյակից և կողմերին թողնեն երկուսով: Գոյություն ունի որոշակի իրավիճակ, երբ կողմերը պետք է համատեղ այնքան մնան սենյակում, քանի դեռ չեն հասկացել, թե ինչպես խոսեն միմյանց հետ»:

No comments: