Tuesday, June 19, 2012

Ինչ նոր բան է եղել Փարիզում

«Լրագիր» 19-6-2012- Հունիսի 18-ի առավոտյան, երբ Փարիզում հանդիպման էին պատրաստվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվոր է սպանվել հակառակորդի կրակոցից: Դժվար է ասել, տեղյակ էին արդյոք համանախագահներն ու նախարարները այդ միջադեպից, երբ սկսել են հանդիպումը Փարիզում: Համենայն դեպս, նրանց ամփոփիչ հաղորդագրության մեջ զինվորի մահվան մասին ոչ մի խոսք չկար: Փոխարենը խոսք կար շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ձեւավորելու, նաեւ հումանիտար շփումներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Դրա՞նք էին արդյոք այն նոր գաղափարները կամ առաջարկները, որ ըստ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Փարիզում պետք է ներկայացվեին կողմերին: Բանն այն է, որ այդ ամենի մասին նոր չէ, որ խոսվում է, իսկ ահա որեւէ նոր բան փարիզյան հանդիպման մասին հաղորդագրության մեջ կարծես թե չկար: Ի՞նչ է ներկայացվել կողմերին: Թե՞ ներկայացվածն այնպիսի մի բան է, որ նախարարները պետք է ներկայացնեն նախագահներին, որպեսզի նրանց արձագանքից հետո միայն որոշվի՝ հրապարակայնացվի՞ նոր առաջարկը, թե ոչ: Համանախագահների առաջիկա շաբաթների ընթացքում տարածաշրջան այցելելու մասին տեղեկատվությունը, որ պարունակում էր փարիզյան հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում, կարող է վկայել հենց այդ մասին. համանախագահները կգան տարածաշրջան, որպեսզի ծանոթանան նոր առաջարկների մասին կողմերի արձագանքին: Մի անգամ օրինակ նոր առաջարկների մասին բարձրաձայնվեց մինչեւ արձագանքը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցող հանդիպումներից մեկից հետո համանախագահները հայտարարեցին, որ կողմերին երկու շաբաթ են տվել նոր երանգների հանդեպ դիրքորոշում հայտնելու համար: Այդ ժամանակ Հայաստանը կտրականապես հրաժարվեց նոր երանգների կամ առաջարկների առկայությունն անգամ ընդունել, հայտարարելով, որ ամեն ինչ այն է, ինչ մադրիդյան փաստաթղթում է, իսկ Ադրբեջանն էլ հայտարարեց, որ ընդունելի են նոր առաջարկները: Այդ հակասական պատկերը բավական անհարմար իրավիճակի մեջ դրեց համանախագահներին, հատկապես միջնորդական ակտիվության փուլում հայտնված Ռուսաստանին: Ըստ երեւույթին, հենց այդ դասը հաշվի առնելով էլ ներկայում նոր առաջարկների գոյության մասին չի բարձրաձայնվում, մինչեւ կտեսնեն, թե ինչ կասեն Սարգսյանն ու Ալիեւը: Թեեւ, այդ դեպքում էլ որոշակիորեն անհարմար իրավիճակում է հայտնվում Հիլարի Քլինթոնը, որն արդեն իսկ ազդարարել է Փարիզում նոր առաջարկներ ներկայացնելու մասին: Եթե Սարգսյանը կամ Ալիեւը մերժեն այդ առաջարկները եւ դրանց մասին ոչինչ չբարձրաձայնվի, ապա կստացվի, որ ոչ մի նոր առաջարկ էլ չի եղել: Թեւ քաղաքականությունից հեռացող Քլինթոնին գուցե այնքան էլ չի հուզում այն հնարավոր անհարմարությունը, որ կարող է այդ առումով ստեղծվել իր շուրջ: Ըստ ամենայնի, Հիլարի Քլինթոնը պարզապես փորձում էր Փարիզի հանդիպման այդ անոնսով նշանավորել իր տարածաշրջանային այցը, որը ստվերել էին հրադադարի խախտման ծավալուն միջադեպերը: Ընդհանրապես, Փարիզի հանդիպումը կարծես թե հենց հանպատրաստից հանդիպում էր, ինչի վկայությունն է թերեւս այն, որ մինչ Քլինթոնի անոնսը, այդ հանդիպման հնարավորության մասին որեւէ տեղեկատվական արտահոսք չի եղել հայկական կամ ադրբեջանական մամուլում: Փարիզն անկասկած նախաձեռնեց ԱՄՆ, երբ տարածաշրջանում “կրակեցին” Քլինթոնի այցի վրա: Հետեւաբար, ԱՄՆ համար գլխավորն այստեղ ոչ թե նոր առաջարների լինել-չլինելն էր, այլ հենց հանդիպման բուն փաստը: Եվ այստեղ նաեւ հատկանշական է, որ Փարիզը փաստացի ձեռք է մեկնել Վաշինգտոնին այդ իրավիճակում եւ կազմակերպել հանդիպումը, իսկ Մոսկվային թերեւս այլ բան չի մնացել, քան ընդունել այն ու մասնակցել: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ նախապես կարծես թե չէր խոսվում Մեքսիկայում G20-ի Վեհաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարակ Օբամայի, Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի հնարավոր հայտարարության մասին, բայց այդ հայտարարությունը եղավ: Դրանում էլ առանձնապես նոր բան չկար, եւ կրկին կողմերին կոչ էր արվում արագացնել Շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, ինչպես նաեւ հրաժարվել պատերազմով հարց լուծելու մտքից: Ըստ ամենայնի, ներկայում Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կա ոչ այնքան նորի, որքան հինը պահելու խնդիր: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: