Tert.am. 4-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Ադրբեջան, գուցե, բարեհաճ չընդունվի հարևան Իրանի կողմից և դրանից հետո Թեհրանիւ և Բաքվի միջև խորանա քաղաքական լարվածությունը, այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված Իմամ Խոմեյնու հիշատակին նվիրված խորհրդաժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրանագետ Ռոման Սմբատյանը։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է, հատկապես, նրանով, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքվել է սպառազինությունների մասին պայմանագիր: Անդրադառնալով Հայաստան-Իրան փոխհարաբերություններին, իրանագետը նշեց, որ անհրաժեշտ է կյանքի կոչել երկու երկրների միջև կնքված պայմանագրերը։ «Շատերը կասկած են հայտնում դրանց հնարավոր իրականացման առիթով: Դրանք թեև դանդաղ, բայց, ի վերջո, կհասնեն վերջնակետին: Տնտեսական առումով՝ որքան խորանան մեր հարաբերությունները, այնքան դա ձեռնտու կլինի երկու երկրներին»,- ասաց նա: Իրանագետն ընդգծեց, որ զարգանում են երկու երկրների միջև մշակութային և գիտակրթական հարաբերությունները, ինչպես նաև, առկա է ակտիվ շփում երկու երկրների քաղաքական ղեկավարությունների միջև: Բանախոսն ավելացրեց, որ այսօր Իրանում քաղաքական իրադրությունը որոշակիորեն հանդարտ է, մասնավորապես, Մեջլիսի ընտրություններից հետո, սակայն արտաքին ճնշումներն Իրանի վրա չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ երկրի ներքին կյանքի վրա: «Տնտեսական առումով Իրանում որոշակի խնդիրներ են առաջացել, մասնավորապես, արտարժույթի թանկացման հետ կապված կան որոշակի տնտեսական դժվարություններ, բայց համակարգը բավականին ճկուն է և Իրանը կկարողանա հաղթահարել այն՝ հաշվի առնելով, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին զրույցները շուրջ 33 տարի է գոյություն ունեն: Իրանը իմունիտետ է ձեռք բերել»,- նկատեց իրանագետն ու ավելացրեց, որ դա նոր դժվարություն չէ, որը Իրանը պետք է հաղթահարի:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment