Tuesday, June 5, 2012

Ինչպես պատասխանել սպանությանը

«Լրագիր» 5-6-2012- Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հերթական դիվերսիան առաջ է բերում որպես պետություն դրան Հայաստանի արձագանքի հարցը: Ինչպես հայտնի է, Հայաստանի արտաքին գործերի նախարարը խնդրին անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարի հետ ասուլիսի ընթացքում, հայտարարելով, որ Ադրբեջանը փորձում է լարվածությունը տեղափոխել Հայաստանի հետ սահման եւ այդպիսով վտանգում է տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը: Մինչ այդ, ժամեր շարունակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը լռում էր, թերեւս զբաղված լինելով ԱՄՆ պետքարտուղարին դիմավորելու պատասխանատու գործով: Ըստ երեւույթին արժե, որ արտգործնախարարությունում հերթապահ մաս բացվի, որը մյուս ստորաբաժանումների այս կամ այն գերզբաղվածության դեպքում կփորձի արձագանքներ մշակել այլ հարցերի դեպքում, ասենք հենց այդօրինակ դիվերսիաների: Տեղի ունեցած միջադեպից անցել էին բավական ժամեր, զոհվել է երեք հայ զինծառայող, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրան չի արձագանքել որեւէ կերպ: Տպավորությունն այնպիսին էր, որ արտգործնախարարությունը փորձում էր կամ գուշակել, կամ տարբեր խողովակներով ճշտել ասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, թե ինչպես արժե արձագանքել Ադրբեջանի այդ սադրանքին: Ուշագրավ հանգամանք է այն, որ միջադեպին այս անգամ որեւէ կերպ չանդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն օրինակ նախընտրական ժամանակաշրջանում նույն Տավուշի սահմանին տեղի ունեցալ մեկ այլ միջադեպի, երբ կրկին սպանվեց երեք հայ զինծառայող: Ուշագրավ է, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում արձագանքեց կատարվածին, իսկ այժմ՝ հետընտրական շրջանում, նրա արձագանքը բացակայում է: Կարծես թե բացակայում էր նաեւ պաշտպանության նախարարության գնահատականը: Թերեւս կասկած չկա, որ պաշտպանության նախարարությունը տվել է ադրբեջանական դիվերսիայի հակահարվածը: Շատ լավ է, եւ դա թերեւս այդպես էլ պետք է լինի, բայց պետական հաստատության կարգավիճակը ենթադրում է նաեւ հրապարակային քաղաքականության կարեւոր մաս, անգամ ռազմական գերատեսչության դեպքում, այլապես ոչ թե պետություն է ստացվում, այլ պարտիզանական շտաբ: Խոսքն այն մասին է, որ այդ գնահատական-հայտարարության միջոցով կարելի է, եւ թերեւս պետք է հանդես գալ նախաձեռնություններով, որոնց հիմքում դրվի տարածաշրջանի վտանգված կայունության եւ խաղաղության խնդրի քննարկումը, դրա ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, որ պետք է անեն կայունությամբ եւ խաղաղությամբ շահագրգռված բոլոր պետություններն ու կազմակերպությունները Այդ ամենը բոլորովին ինքնանպատակ չէ: Քաղաքական-դիվանագիտական տվյալ բաղադրիչը Հայաստանի համար անվտանգության հավելյալ երաշխիքի հնարավորություն է, որը պետք է օգտագործել: Բայց դրանք չկան, եւ թերեւս առավելապես այն պարզ պատճառով, որ Հայաստանում չկա իշխանության ներքին լեգիտիմության բավարար հիմք: Ավելի ճիշտ, այդ լեգիտիմության հիմքը հանրային անտարբերությունն է, ոչ թե վստահությունը: Իսկ հիմնականը իշխանության համար արտաքին լեգիտիմությունն է: Դա ենթադրում է չափազանց զգուշավոր պահվածք, որպեսզի հանկարծ չլինի Վաշինգտոնի, Փարիզի կամ Մոսկվայի դժգոհություն: Այդ պայմաններում, Հայաստանի արձագանքը կառուցվում է ոչ թե այն սկզբունքով, թե ինչ է պետք Հայաստանին, այլ նրանով, թե ինչ է պետք իշխանությանը: Իշխանության եւ պետության անհրաժեշտությունները նույնացվել են, դրա համար էլ կա իշխանության, ոչ թե պետության դիրքորոշում: Իսկ իշխանությունն առավելապես կուլիսային երեւույթ է: Պետությունն այն ինստիտուտն է, որը ստիպում է այդ երեւույթին դուրս գալ իր կուլիսային բնույթից, իր կամքից անկախ՝ թե ներքին, թե արտաքին հարցերում, ու դառնալ հանրային երեւույթ: Հայաստանում պետությունը առավելապես արտաքին ատրիբուտներն են, արարողակարգը, իսկ որպես մշակույթ այն գոյություն չունի: Դրա համար էլ, երբ այլ պետության զենքը սպանում է տվյալ պետության քաղաքացիներին, ժամեր շարունակ բացակայում է որեւէ հստակ պետական արձագանքը: Դրա պատճառը ամենեւին “հազար նրբությունները” չեն, որովհետեւ պետական արձագանք ասվածն ամենեւին չի ենթադրում աշխարհին կամ Ադրբեջանին պատերազմի հայտարարում: Դրա պատճառը պետական մշակույթի բացակայությունն է, այդ մշակույթում քաղաքացու արժեքի թե բարոյական, թե քաղաքական գիտակցման բացակայությունը: Պետության ներսում այդ մշակույթի եւ արժեքի գիտակցումն է, որ կարող է հնարավորություն տալ առավել արդյունավետ եւ օպերատիվ կերպով ինտեգրվել համաշխարհային պետական առաջատար մշակույթին եւ պետությունը դարձնել միջազգային քաղաքականության արժեք, ինչը էական նշանակություն ունի նաեւ անվտանգության երաշխիքների որոշակի հավելյալ մակարդակի տեսանկյունից: Ահա, թե ինչու է կարեւոր պետական հստակ արձագանքը այդօրինակ դեպքերում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: